Մատչելիության հղումներ

Գյումրիում տունը հայտնվել է փողոցի մեջտեղում, փողոցն էլ՝ ասֆալտապատվել. քաղաքապետարանից պարզաբանում են


Ինչպե՞ս է Գյումրիի Պարոնյանան փողոցում քարաշեն տունը հայտնվել փողոցի մեջտեղում, և ինչո՞ւ են քաղաքային իշխանությունները աչք փակել դրա վրա ու նույնիսկ անցած տարի ասֆալտապատել փողոցը՝ անտեսելով տան առկայությունը փողոցում։ Համացանցի հիթ դարձած տանը բնակվում է Կարապետյանների հինգ հոգանոց ընտանիքը։

Նրանք կտրականապես հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, չձայնագրվելու պայմանով Տիգրան Կարապետյանը միայն ասաց՝ չէին մտածում, որ այսքան մեծ աղմուկ կբարձրանա։ Պատմեց՝ խորհրդային տարիներին ապրել են պետական սեփականություն հանդիսացող մեկ սենյականոց կոմունալ տանը, բնակարանի են սպասել, բայց երկրաշարժը խառնել է այդ պլանները, ու շարունակել են բնակվել նույն տեղում։ Ու քանի որ բնակարան ստանալու հույս չեն ունեցել, ընդլայնել են այդ մեկ սենյակը։

Հարցին, թե չգիտեին, որ փողոցի մեջտեղ են հասել ու մի օր ապամոնտաժման հարց կդրվեր, Տիգրան Կարապետյանն ասաց՝ այն ժամանակ ոչ մայթ էր երևում, ոչ փողոց, ով ինչ ուզում՝ կառուցում էր։ Շուրջ 35 տարի այդպես ապրել են, և ոչ ոք, ըստ Կարապետյանի, չի եկել ու չի անհանգստացրել, թե շինությունը ապօրինի է ու պիտի քանդվի, միայն ասում է՝ մեկ տարի առաջ փողոցի ասֆալտապատման ժամանակ ասացին, բայց էլի ոչինչ չարեցին։

Ինչո՞ւ փողոցի աֆալտապատման ժամանակ նույնիսկ տունը հարցեր չառաջացրեց քաղաքային իշխանությունների մոտ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հեռվից եկավ. նախ մեղքը բարդեց երկրաշարժի վրա։

«Երկրաշարժից հետո մի քիչ էքստրեմալ պայմաններում քաղաքում նմանատիպ դեպքեր շատ են եղել։ Անօթևանության շրջանում երբ մարդիկ տնազուրկ էին, տարբեր մարդիկ իրենք իրենց հասկացողությամբ, իրենք իրենց խղճի չափով իրենց համար ստեղծել են կացարաններ։ Իհարկե, այս դեպքը շատ արտառոց է, կան դեպքեր, որ մայթերի վրա էին դուրս եկել, և սա մի քիչ առտառոց դեպք է, և ժամանակին չի կանխվել ինչ-ինչ պատճառներով», - նշեց նա։

Գասպարյանը ամեն կերպ մեղքի սլաքն ուղղում էր բնակիչների կողմը, թե թաղում ապրողները չեն ահազանգել փողոց հասած ապօրինի շինության մասին։ Իսկ ինչո՞ւ բնակիչը պիտի ահազանգի, երբ համայնքապետարանը ապօրինի շինությունների բաժին ունի, նա ասաց. - «Քաղաքապետարանը միշտ էլ ապօրինի շինությունների բաժին ունեցել է, իհարկե միշտ էլ այդ բաժինը թերացումներ ունեցել է, քանի որ քիչ աշխատողներ են եղել, ամեն անգամ ընդամենը 3, 4, 5 աշխատող են ունեցել, նրանք չէին կարող հսկել, բայց դա արտառոց դեպք էր, որը պետք է ժամանակին կանխվեր։ Մենք բոլորս լրիվ քաղաքով {մեղավոր ենք}»։

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ փողոցի ասֆալտապատման նախագծով մայթերին, առավել ևս փողոցում հայտնված շինությունները պետք է ապամոնտաժվեին։ Բայց և մայթերին կառույցներ կան, և փողոցում հայտնված տունն է տեղում։

«Նախագծով նախատեսվում է, որ դրանք պետք է քանդվեն։ Շինարարությունը, մինչև շինարարությունը, շինարարության ընթացքում եթե խանգարող հանգամանքներ ունեցավ, պիտի քանդվի։

Այդ հարցում քաղաքապետարանն ունի իր դերը, և ես ասացի՝ քաղաքապետարանը ձեռնարկել է այդ միջոցները», - ասաց նա։

Գլխավոր ճարտարապետը նկատի ունի քաղաքաշինական խորհրդի փետրվարին հարուցած վարույթը։ Բնակչին չեն տուգանել ապօրինի շինության համար վաղեմության ժամկետի պատճառով, բայց շինությունը ինքնակամ ապամոնտաժելու վերջնաժամկետ են տվել. - «Ժամանակ ենք տվել տվյալ ընտանիքին, որպեսզի իր ուժերով ինքը հետևանքները վերացնի, այսինքն՝ քանդի և մայթի ու փողոցի երթևեկը ազատի։ Հիմա ժամանակը լրանում է ապրիլի 17-ին, եթե մինչ այդ իր կողմից չքանդվի, ապա բոլոր այդ գործողությունները կկատարվեն համայնքի կողմից»։

Կարապետյանները հակադարձում են՝ ընտանիքում 3 հոգի 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, մինչև համայնքապետարանը չօգնի ու տան հարցը չլուծի, իրենք շինությունը չեն ապամոնտաժի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG