Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ռուսական մշակույթի կենտրոն կստեղծվի, մինչդեռ մայր թատրոնի շենքը վերակառուցման է սպասում


Ստեփանակերտի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը ռուսական մշակույթի կենտրոն կդառնա։ Օրեր առաջ պետնախարարը ռուսական համայնքի ղեկավարի հետ տեղում ծանոթացել է նախագծին։

«Այստեղ կլինեն ռուսական դրամատիկական թատրոնը, կրթական կենտրոն, հայ-ռուսական բարեկամության թանգարան, գրադարան, այլ կրթամշակութային հաստատություններ», - ասել է Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը։

Բորդովը հույս ունի՝ այս տարվա ընթացքում շինաշխատանքը կավարտվի, կենտրոնը կգործարկվի։ Խորհրդային տարիներիից հետո կինոթատրոնի շենքում շինարարություն է սկսվել ու կիսատ մնացել։

«Վերանվանվեց Սպայի տուն, հիմա ուզում ենք սարքել Дом русский култури», - նշեց Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը։


Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատարը Արցախի հանրայինի եթերում ասաց՝ այժմ նախագծային փուլում են, կավարտեն ու կսկսեն շինաշխատանքը։ Ում ֆինանսավորմամբ՝ նախարարության լրատվական ծառայությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ նախագծի վերջնական արժեքը դեռ հստակ չէ, մտադիր են բարերարների միջոցով գործը գլուխ բերել, եթե չբավարարի, Արցախի կառավարությունը ներդրում կանի։

Իսկ ով վերջապես կվերակառուցի Ստեփանակերտի Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը, հարցնում է թատրոնի ադմինիստրատոր, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը. - «Մեզ տարել, մի հատ շենքում տեղավորել են, խաբել, արդեն տասնը քանի տարի է այնտեղ պահում են, ու լսում ենք, որ ռուսական մշակութային օջախ են սարքում։ Թող սարքեն, բայց մինչև դա անելը թող մեր շենքի հարցը՝ հայկական թատրոնի պետական, որը 91 տարեկան է, մեծ ժառանգություն է թողել, այդ շենքի մասին մտածեն»։

Ստեփանակերտի թատրոնի շենքը քաղաքի բացառիկներից է՝ ներառված հուշարձանների ցանկում։ Դավիթ Ղահրամանյանը պատմում է՝ թատրոնի անձնակազմը ստիպված շենքից դուրս եկավ մոտ 10 տարի առաջ՝ խիստ վթարային էր. - «Վիճակ չկար, արդեն առաստաղն էր փլվում մեզ վրա, այդ վիճակն էր արդեն, ոչ մի ջեռուցում շենքում չկար, խոնավություն էր, ցուրտ էր»։


Թատրոնի անձնակազմը վստահ, որ ժամանակավոր, երիտասարդական պալատ տեղափոխվեց, մի փոքրիկ բեմ հարմարեցրին ու մինչև այժմ այդտեղ են խաղում։ Մայր թատրոնի վերակառուցման վերաբերյալ բազմաթիվ խոստումներ են հնչել, նախագծեր հրապարակվել, նույնիսկ բարեգործական ակցիաներ են եղել՝ պատմական շենքը շարունակվում է քայքայվել։

«Անընդհատ գալիս էին, նայում շենքին, բայց հետո, ցավոք սրտի, եղավ պատերազմը», - նկատեց նա։

Պատերազմից հետո բազմաթիվ խնդիրներ, անտուն մնացած մարդիկ, շենքի մասին չէինք խոսում, շեշտում է Դավիթը։ Նա թատրոնի քանդվող շենքի լուսանկարները տարածեց ռուսական կենտրոնի մասին տեղեկանալուց հետո. - «Էլ չեմ խոսում, որ հիմա՝ այս պահի դրությամբ ստեղծված իրավիճակում մի քիչ պետք է այդ ամեն ինչը հասկանալ՝ որն է առաջնային, որը՝ երկրորդային. եթե քո սահմաններն ամուր չեն, եթե դու անգամ այդ շենքը սարքես, վստահ չես, որ այդ շենքում երկար մնալու ես, որովհետև քո սահմաններն ամրապնդված չեն, ինչի՞ մասին է խոսքը»։


Դավիթ Ղահրամանյանը շեշտում է՝ լավ կլիներ, որ Արցախում խաղաղ լիներ, ու թող ռուսական մշակույթի կենտրոն էլ լիներ, բայց Արցախի սահմանններին, Լաչինի միջանքում ամեն օր ցավոտ միջադեպեր են գրանցվում, անվտանգության երաշխավորի շենք սարքելու ծրագիրը համարում է ուղղակի աբսուրդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG