Մատչելիության հղումներ

Երևանում կներկայացվի Վեբերի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր երեկոյան տեղի կունենա հանրահայտ կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերի լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերան՝ Վեբերի աշակերտ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։

Այս մյուզիքլի բեմադրությունը մեր երաժշտասեր հանրության համար պատրաստել է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը, որը հիմնադրել է Պողոս Հարությունյանը։

«Ազատության» հետ զրույցում Հարությունյանն նշեց, որ բավական մեծ միջազգային թիմ է աշխատել այս նախագիծը իրականություն դարձնելու համար։ Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցը մեծ ցանկություն է ունեցել Հայաստանում ներկայացնել բրոդվեյան այս հանրահայտ մյուզիքլը, որն այսօրվանից սկսած մինչև ապրիլի 12-ը կարող է դիտել հանդիսատեսը. - «Տեսա, որ մշակույթի մեջ ունենք էդ բացը և, օգտվելով առիթից, ուզեցա էդ բացը լրացնել։ Եվ ոչ միայն ուղղակի լրացնելու համար, այլ մտցնել մշակութային հեղափոխություն, բարձրացնել մակարդակը՝ ցույց տալով, որ Հայաստանում նույնպես կարող ենք ունենալ աշխարհին համապատասխան մի մակարդակ և օրինակ ծառայել մյուս մշակութային գործիչներին»։

Ինչպես ընդգծում էր Պողոս Հարությունյանը, բրոդվեյան հանրահայտ այս մյուզիքլը Հայաստանում ստեղծելու համար իրենց ընկերությունը ձեռք է բերել հեղինակային իրավունք՝ «Վեբեր» թատերական ընկերության հետ համաձայնագրով։ Բեմադրության իրականացման համար ավելի քան 200 մարդ է ներգրավված, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել մյուզիքլի բեմադրությունը, ավաղ՝ ոչ առանց խոչընդոտների։

«Ի զարմանս ինձ, նպատակները, որ կար, որ ամեն ինչը ավելի ընդունելի ա լինելու Հայաստանի պետության կողմից, հանրության կողմից... սենց էյֆորիայի մեջ մտածող տղեն հանդիպեց բավականին մեծ խոչընդոտների։ Բայց համառությունս հերիքեց, որպեսզի հասցնեմ իր նպատակին», - ասաց նա։

Պողոս Հարությունյանն ընդգծում էր նաև, որ այս մյուզիքլը մեծ բեմադրական աշխատնք է պահանջում. բեմի վրա կաշխատեն մոտ 140 հոգի՝ ներառյալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը կղեկավարի բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր Մարիամ Բարսկայան։ Իսկ գլխավոր դերակատարուհին անվանի երգչուհի Թամարա Գվերդցիթելին՝ Նորմա Դեսմոնտի դերակատարմամբ։

Բեմադրության մեջ ընդգրկված են նաև մի շարք հայ դերասաններ։ Պողոս Հարությունյանի ղեկավարած պրոդյուսերական այս ընկերությունը 2 միլիոն դոլար է ներդրել ստեղծելու «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը, որը բնավ բրոդվեյան մյուզիքլի կրկնությունը չէ, այլ բոլորովին նոր, առավել շքեղ բեմադրություն. - «Կենդանի հնչողություն, կենդանի երգ, կենդանի ձայն։ Ու ամեն ինչը կենդանի, ամեն ինչը իրական ա... Ընդհանրապես մյուզիքլի ժանրը ամբողջությամբ պետք ա լինի կենդանի, որից մենք չուզեցանք հետ մնալ, ուզեցանք, որ Բրոդվեյի շնչի ու ոգու համապատասխան հանդես գանք հայ հանդիսատեսի առջև։ Ամբողջ պատմության մեջ Հայաստանի առաջին մյուզիքլն է։ Դուք ուղղակի պետք ա տեսնեք, որ հասկանաք, որ ամպագոռգոռ բառեր չէն, համապատասխանում ա իրականությանը, մի հատ էլ գերազանցում է այն մեր պատկերացումին, ինչ որ պատկերացնում էինք մինչև այս մյուզիքլը տեսնելը։ Ու ոչ միայն Հայաստանի պատմության մեջ միակն ա, այլ Բրոդվեյի ամբողջ հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամն է, որ Բրոդվեյը ճանաչում է Հայաստանը։ Էն առաջարկը, որ մենք արեցինք, նույնիսկ Հայաստանի մասին լսած չկային, որ այնտեղ մյուզիքլ կամ թատրոնային ինչ-որ մի բան։ Զարմացան, որ ինչպիսի շուկա է Բրոդվեյի համար»։

Պողոս Հարությունյանը հույս ունի, որ մեր հանդիսատեսը բարձր կգնահատի իրենց աշխատանքը և բոլոր ջանքերը՝ հավուր պատշաճի ներկայացնելու աշխարհահռչակ կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունը, որն առաջին անգամ բեմ է բարձրացել ճիշտ 30 տարի առաջ Միացյալ Նահանգներում և այսօր արդեն բեմադրվում է նաև Հայաստանում։ Նաև ցանկությունը ունի իրենց բեմադրած «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը հնարավորության դեպքում ներկայացնել այլ երկրներում ևս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG