Մատչելիության հղումներ

Նոր ներկրված ավտոբուսները երթուղի կմտնեն ապրիլի 15-ից


Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրեց նոր ներկրված՝ 150 հատ 8.6 մետրանոց և 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուսներ։ Ավագանու այս որոշումն ընդունվեց երեկվա արտահերթ նիստում:

Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց՝ նոր ներկրված 200-ից ավելի ավտոբուսներն արդեն այս ամիս կսկսեն շահագործվել, առաջիկայում կներկրվեն նաև տրոլեյբուսներ, գնումն ընթացքի մեջ է։

«Մենք ունեինք գնման գործընթաց նախորդ տարի 15 նոր տրոլեյբուսի մասով, որոնք ճանապարհին են և մոտ ժամանակներս կլինեն Երևանում, իսկ ավտոբուսների մասով՝ ամբողջովին շարժակազմն էստեղ է, ապրիլի 15-ից արդեն առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը», - ասաց Հովհաննիսյանը։

«Հաջորդ տարվա վերջ տրանսպորտային համակարգի բարեփոխումը գրեթե ավարտված կլինի»

Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան

Իշխող թիմի քաղաքապետի թեկնածու, այս պահին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակեց՝ մինչև տարեվերջ հասարակական տրանսպորտում կներդրվեն միասնական տոմսային համակարգի վավերացման սարքեր։

Ըստ պաշտոնյայի՝ հաջորդ տարվա վերջ տրանսպորտային համակարգի բարեփոխումը 90-95 տոկոսով ավարտված կլինի։

«Տրանսպորտային ռեֆորմի ընթացքն ավտոբուսների գնումներով իհարկե չի ավարտվում, այս տարվա ընթացքում ամբողջ շարժակազմերում մենք պետք է ունենանք միասնական տոմսային համակարգ։ Այս տարվանից սկսած, ավտոբուսների համար որոշ փողոցներում արդեն իսկ կտեսնենք առանձնացված գծեր, որոնք որ նախատեսված են լինելու հենց հանրային տրանսպորտի համար, հետագայում ունենալու ենք 250 չինական «Հիգեր» ավտոբուսների փոխարինման խնդիրը», - ասաց Ավինյանը։

«Ներկրված ավտոբուսների քանակը բավարար չէ խնդիրը լուծելու համար»

Մինչդեռ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը համարում է, որ ներկրված ավտոբուսների քանակը բավարար չէ խնդիրը լուծելու համար։ Նրա խոսքով՝ 12 մետրանոց ավտոբուսները խցանումներ կառաջացնեն։

«Հնչեղ է՝ 200, 400 ավտոբուս է գալիս։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք լուծում ենք տրանսպորտի խնդիրը։ Տրանսպորտի խնդիրը չի լուծվում, որովհետև 12 մետրանոց ավտոբուսները մտնում են գիծ այն պարագայում, երբ կանոնակարգված ծրագիրը դեռ չի գործում», - ասաց Խաչատրյանը։

Նրան հակադարձեց իշխող թիմի քաղաքապետի թեկնածուն - «Դուք տրանսպորտից օգտվո՞ւմ եք, տիկին Խաչատրյան։ Ես պարբերաբար օգտվում եմ, որպեսզի հասկանամ երևանցիների փորձը, թե ինչպիսինն է։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ բավականին դաժան է, և մենք ավելացնում ենք եղած գծերում ավտոբուսների քանակը տեղ-տեղ և պիկ ժամերին հավելյալ ավտոբուսներ ենք հատկացնում, որպեսզի պիկ ժամերի խնդիրը կարողանանք մեղմել»։

Երևանյան տրանսպորտը բարեփոխելն իշխող թիմի նախընտրական գլխավոր խոստումներից էր, ու ավտոպարկը թարմացնելու նոր խոստումները հնչում են ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Թեև վերջին հինգ տարիների ընթացքում 500-ից ավելի նոր ավտոբուսներ են ներկրվել, բայց երևանցիները շարունակում են հատկապես պիկ ժամերին խցկված երթևեկել ու կանգառներում երկար սպասել տրանսպորտին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG