Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը երեք օր ճաղերի հետևում անցկացրեց իշխանականին հարվածելու համար


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց։ Երեք օր անցկացրեց ճաղերի հետևում՝ Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին բռունցքով հարվածելու համար։


Միջադեպը տեղի էր ունեցել Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում անցած ուրբաթ։ Թեև կուսակիցները հայտարարում են, թե մերժում են բռնությունը, բայց բռնության համար ձերբակալված պատգամավորին այսօր ծափերով ողջունեցին։ Ծափեր հնչեցին նաև, երբ պատգամավորը սկսեց նկարագրել հարվածը։

«Դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան», - ասում էր պատգամավորը։

Սահակյանը չի կարողացել զսպել իրեն ու բռնության է անցել, երբ, իր խոսքով, Վարդանյանը ոտքի է կանգնել ու իր ուղղությամբ քայլել. - «Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության։ Եթե վարույթ իրականացնող մարմինը կգնահատի, որ ես այդ սահմանն անցել եմ, պատրաստ եմ պատասխան տալ»։

Իշխանական Վարդանյանի խոսքով՝ ինքը չի մոտեցել Մհեր Սահակյանին, միայն սաստել է, որ էմոցիաները մի կողմ թողնեն ու վերադառնան քննարկման բուն թեմային։

«Ես քայլ դեպի պատգամավոր Սահակյանը չեմ կատարել և չէի էլ կարող կատարել», - նշում է Վարդանյանը։

Հարվածից Վարդանյանի հոնքն էր վնասվել։ Միջադեպից անմիջապես հետո իշխանականները ահազանգել էին իրավապահներին, Մհեր Սահակյանին խորհրդարանից էին ոստիկանները բերման ենթարկել։

Արդյոք դատախազությունը կգնա պատգամավորի հետևից ու նրան անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու միջնորդություն կներկայացնի՝ հստակ չէ։ Դատախազությունից դեռ չեն մեկնաբանում։ Պատգամավորը խնդիր չի տեսնում, եթե նույնիսկ այդպես ընթանա գործը։

«Բարի ճանապարհ իրենց», - նետեց Մհեր Սահակյանը։
Միջադեպից հետո քրեական վարույթ էր հարուցվել խուլիգանության հոդվածի ամենածանր դրույթով, որը նախատեսում է չորսից ութ տարվա ազատազրկում։ Եթե ամեն դեպքում դատախազությունը որոշի միջնորդել, իշխող խմակցությունում կո՞ղմ են, որ Սահակյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։

Քանի դեռ չկա դատախազության որոշումը, պատասխանել չենք կարող, փոխանցեց պատգամավոր, իշխող կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը. - «Շատ տարօրինակ կլինի, եթե խմբակցությունը դիրքորոշում հայտնի մինչև դատախազության կողմից նման հարց բերելը խորհրդարան»։


«Հայաստան» խմբակցությունում պատրա՞ստ են քննարկել թիմակցի վարքագիծը, դատապարտել։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարճ պատասխանեց՝ խմբակցությունում քննարկում եղել է, և արդյունքը հայտարարությունն է։

«Մեր վերջին հայտարարությունը խմբակցության մեր ամբողջական դիրքորոշումն է», - նկատեց նա։

Հայտարարությամբ նրանք իշխանական պատգամավորին են մեղադրել ագրեսիվ վարքագծի համար, Մհեր Սահակյանի հարվածը որակել ինքնապաշտպանական քայլ։ Նշել են, թե իրենց թիմակցի ձերբակալությունն իրավաչափ չէր, քննչականն էլ հաղորդագրություն է տարածել առանց ընդդիմադիրներին լսելու։ Իսկ «Ազատության» հետ զրույցում ԱԺ իշխանական փոխխոսնակ Ռուբինյանն էր ասել, թե «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը իրեն խոստացել են Սահակյանի հարցը քննարկել։
«Եվ այդ խոսակցության ժամանակ Արծվիկ Մինասյանն ինձ ասաց, որ ինքը հենց այդ միջադեպի ժամանակ Վլադիմիր Վարդանյանին ասել է՝ դու բան մի արա, մենք կպատժենք, և նաև ինձ ասաց, որ իրենք ներքին քննարկում կունենան, և ինքն էլ կարծում է, որ Մհեր Սահակյանը պետք է պատասխանատվություն կրի», - պնդել է Ռուբինյանը։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Ռուբինյանը խեղաթյուրել է իրենց զրույցը, թե կոնկրետ որ հատվածը, չմանրամասնեց։

XS
SM
MD
LG