Մատչելիության հղումներ

Խնդիրների մեծ մասի հեղինակները հենց իշխանություններն են. մեդիա ոլորտի մասնագետները հակադարձում են վարչապետին


Մինչ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, մեդիա ոլորտի մասնագետները հակադարձում են՝ խնդիրների մեծ մասի հեղինակները հենց իշխանություններն են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահի նախաձեռնած ֆորումի շրջանակներում երեկ ելույթ է ունեցել «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը ու խոսել հայկական լրատվական դաշտից։

«Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր», - նշել է վարչապետը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցնում է՝ այս իշխանությունն էր, որ խորհրդարանում սահմանափակեց լրագրողների տեղաշարժը, պատգամավորների վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրելով հրահանգեց անջատել ուղիղ հեռարձակումն ու օթյակից հեռացրեց լրագրողներին, ինչպես նաև հրահանգվեց ԱԺ միջանցքից հեռացնել լրագրողների և օպերատորների համար նախատեսված աթոռները։

Աշոտ Մելիքյան
Աշոտ Մելիքյան

«Այնպիսի սահմանափակումներ, ինչպիսին կիրառել է 8-րդ գումարման Ազգային ժողովը, չի եղել Հայաստանի անկախության բոլոր 30 տարիների ընթացքում: Այսինքն՝ որևէ խորհրդարան տեղաշարժի այնպիսի սահմանափակում չի կիրառել, որքան կիրառել է այս իշխանության ժամանակ ձևավորված Ազգային ժողովը», - ընդգծեց Մելիքյանը:

Վարչապետը միջազգային մեծ լսարանի՝ արևմտյան երկրների առաջնորդների, փորձագետների, լրագրողների առջև հայտարարում էր, որ իր կառավարության բարեփոխումների արդյունքում անցած տարի Հայաստանը առաջընթաց է գրանցել մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։

«Որպես նախկին գլխավոր խմբագիր և լրագրող՝ ես իմ սեփական փորձով լավ գիտեմ պետության միջամտությունից դուրս աշխատելու հնարավորության կարևորությունը, քանի որ մեր աշխատանքի ասպեկտներից մեկը եղել է կառավարության գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրելն ու հրապարակայնացնելը», - ասել է վարչապետը:

Փաշինյանի լավատեսությունը չեն կիսում ոլորտի ներկայացուցիչները։

«Պաշտոնական տեղեկատվությունը պետական մարմիններից շատ դժվար է հասնում լրատվամիջոցներին, այն մատչելի չէ, բազմաթիվ հարցումներ ուղարկելուց հետո էլ շատ հաճախ չի ստացվում այն տվյալը, որը հետաքրքրում է լրատվամիջոցին: Եվ մենք հեղափոխությունից ի վեր ասում ենք, որ սա շատ լուրջ խնդիր է, նոր կադրեր են եկել, որ չունեն ո՛չ գիտելիք, ո՛չ փորձ», - նշեց Մելիքյանը:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց. - «Վերջերս, կարծեմ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը, որը սահմանում է պետական գաղտնիք, այսինքն, ըստ էության, ցանկացած գերատեսչություն իր հայեցողությամբ կարող է որոշել՝ արդյոք իր հայտնած տեղեկատվությունը գաղտնիք է, թե գաղտնիք չէ, և չտրամադրել լրատվամիջոցներին»:

Աբրահամյանը, որ նախկին իշխանության տարիներին անգամ ծեծի է ենթարկվել, համեմատելով Հայաստանում լրագրողի՝ անցյալի ու ներկայի խնդիրները, կարծում է, որ փոխվել են միայն ճնշման ձևերը:

Արամ Աբրահամյան
Արամ Աբրահամյան

«Մտնում էին սափրագլուխները, ջարդում էին խմբագրությունը, ծեծում էին լրագրողներին իրենց տների շքամուտքում, այդ ամենը եղել է և առերեսվել ենք բոլորս, անձամբ նաև ես այդ տեսակի խնդիրներին: Ձևերը դարձել են ավելի նուրբ, ես կասեի, ինչ-որ տեղ ավելի նուրբ, ոչ այնքան բիրտ, ես կգերադասեի այս ձերը: Ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք կարող է պարզապես գլխին խփեին այդ լրագրողի, որը դա արել է, նրանք ասում են՝ իսկ դու այսինչ տունն ես գնել: Տարբերություն կա, բնականաբար, որովհետև նրանց ոչ ոք չի խնդրել, որ նրանք դառնան վարչապետ, նախարար կամ պատգամավոր», - ընդգծեց Աբրահամյանը:

Վերջերս «Առավոտ»-ի յութուբյան ալիքը ենթարկվել էր հաքերային հարձակման՝ անհետացել էր ողջ արխիվը։ Այն այժմ վերականգնվել է, Աբրահամյանը դեռ չի շտապում եզրահանգումներ անել, բայց և չի բացառում իշխանության հնարավոր մասնակցությունը։

«Չէի ցանկանա, որ դա լիներ իշխանության նախաձեռնած բանը, բայց բացարձակապես չեմ բացառում դա», - ասաց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

Որպես ԶԼՄ դաշտին առնչվող բացասական զարգացում՝ ոլորտի ներկայացուցիչները հիշեցնում են նաև այս իշխանության օրոք վիրավորանքի քրեականացումը, ինչը կասեցվեց միջազգային ճնշման ներքո։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նկատում է՝ դրա փոխարեն եռապատկվեցին զրպարտության և վիրավորանքի համար տուգանքները։ Ըստ նրա՝ թեև ոլորտի ներկայացուցիչները պայմանավորվածություն ունեն իշխանության հետ միասին մշակել լրատվական դաշտին վերաբերող օրինագծերը, այդուհանդերձ, դեռ էական առաջընթաց չկա։

Իր ամենամյա զեկույցում Freedom House միջազգային հեղինակավոր կառույցը, հղում անելով հայտնի ընկերությունների ուսումնասիրություններին, պնդել էր, որ Հայաստանի կառավարությունը լրագրողներին, այլախոհներին և իրավապաշտպաններին թիրախավորելու համար, ենթադրաբար, օգտագործել է հյուսիսմակեդոնական լրտեսական ծրագիր։ Սա վարչապետ Փաշինյանը հերքել էր։

XS
SM
MD
LG