Մատչելիության հղումներ

Արթիկցիները դժգոհում են՝ գործող ու լքված տասնյակ տուֆի հանքերը լուրջ խնդիր են դարձել


Արթիկում գործող ու լքված տասնյակ տուֆի հանքերը լուրջ խնդիր են դարձել բնակիչների համար։ Հանքերից տարածվող փոշին է շատ, ձնհալի ժամանակ էլ քարի թափոնները լցվում են ջրատարները։

2016-ի ամռան ջրհեղեղը արթիկցիները սարսափով են հիշում՝ ջուրը սելավատարներում կուտակված քարի թափոնները քշել ու լցրել էր արթիկցիների տներն ու բակերը՝ պատճառելով լուրջ վնասներ։

Արթիկցիներն արդեն 7 տարի դժգոհում են, որ իրենց կրած վնասներին համապատասխան փոխհատուցում չեն ստացել։

«Մոտ 4 միլիոնից ավելի էր վնասս, բայց ինչքան հիշում եմ փոխհատուցումը եղել է միլիոնից մի քիչ ավելի: Բոլորն էլ դժգոհ են եղել, ինչքան հիշում եմ, քանի տարի անցել է, բայց հաստատ բոլորն էլ դժգոհ էին», - ասաց արթիկցի Արտավազդ Կարախանյանը:

Մինչ բնակիչները փոխհատուցման հարցն են բարձրացնում, կառավարությունից լուծումներ են փնտրում տեղի ունեցածի կրկնությունը թույլ չտալու համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացնում է Արթիկում լքված քարհանքերի թափոնների ու ջրհեղեղների կառավարման ծրագիր։ Դրա վրա նախատեսվում է ծախսել 688 միլիոն դրամ։ Նախարարության ներկայացուցիչ Արմեն Եսոյանի խոսքով՝ աշխատանքներն իրականացնում են հաշվի առնելով 7 տարի առաջ տեղի ունեցած ջրհեղեղի փորձը։

«Ծրագրի հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք կմեղմեն ջրհեղեղների վտանգները. ջրային հոսքերը, սելավատարները բավականին մեծ ռիսկի տակ էին դրել Արթիկ քաղաքի բնակչությանը», - նշեց Եսոյանը:

Ծրագրի շրջանակներում դեռևս միայն 40 հեկտար է կանաչ գոտու վերածվել, մինչդեռ լքված հանքերը շատ ավելի մեծ տարածք են ընդգրկում։

«Այդ տեղանքը, որ ընտրվել է, ընտրվել է այնպես, որ ինքը ներկայիս գործող և այլ լքված հանքատարածքների և Արթիկ քաղաքի միջև լինի, այսպես ասած, պաշտպանիչ բուֆերային գոտի, կարծում եմ, այդ խնդիրը կլուծի և ծրագրի նպատակներից մեկը նաև դա է եղել», - ընդգծեց Արմեն Եսոյանը:

Արթիկի մի քանի գյուղերի դեգրադացված հողատարածքների պարարտացում է իրականցվել։ Կլիմայի փոփոխության պատճառով ջրառատ Հայաստանում կա նաև սակավաջրության խնդիր, ասում է Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

«Թեպետ մենք լինելով ջրառատ երկիր, մենք նույնպես այդ վտանգը հիմա կանխատեսում ենք և կառավարությունը մեծ միջոցներ է ներդրել ջրամբարաշինության մեջ՝ 15 ջրամբարների, եղած ջրային ռեսուրսները պահելու, այնուհետև նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման», - ասաց փոխնախարարը:

Օրեր առաջ աշխարհի տարբեր երկրների բնապահպանության նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանում քննարկում էին հողերի անապատացման ու երաշտի վտանգները։ Եթե նախկինում այս խնդիրներին ավելի շատ բախվում էին աֆրիկյան աղքատ երկրները, ապա հիմա այն սպառնում է նաև այլ տարածաշրջաններին, ասում է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին։

«Մենք պետք է ընդունենք, որ երաշտն այժմ ամբողջ աշխարհում է: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի յուրաքանչյուր երկիր պետք է պայքարի երաշտի և դրա բոլոր հետևանքների դեմ։ Հողերի դեգրադացիա, ջրային ռեսուրսների պակաս, պարենային անապահովություն. այս ամենը երաշտի հետևանք է։ Ուստի, կարևոր է, որ այս հարցը լուծվի բոլոր մակարդակների վրա», - նշեց Ալիան Ռիչարդ Դոնվահին։

Շիրակի մարզի գյուղատնտեսները կլիմայի փոփոխությունը հասցրել են զգալ իրենց մաշկի վրա։ Արդեն 2 տարի է տեղումների քանակը նվազել է, ինչի հետևանքով ջրամբարներում ավելի քիչ ջուր է կուտակվում ու ոռոգման սեզոնին ջրի պակաս է զգացվում։ Գյուղացին լիարժեք բերքը ջրել չի կարողանում, ինչն էլ ազդում է բերքատվության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG