Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջել է «Սթոնսի» ղեկավարից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը


4 անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության ևս մեկ հայցադիմում։

Ինչպես դատախազությունն է նշում՝ դատարանից պահանջել է «Սթոնս» ընկերության ղեկավար Ս.Ա.-ից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության, մասնավորապես, բռնագանձել՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 296 մլն դրամ, Մաշտոցի պողոտայում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 135 մլն 740 հազար դրամ, «ԾՈՒՊԱՆԻ» ընկերության 33.334 հատ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 56 մլն 909 հազար 394 դրամ։

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 32-րդ հայցադիմումն է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել։

Ընկերության անունը շրջանառվում էր դեռ 2020-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների գործում։ 2019-ին ծրագրի Տրանշ 3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոնս» ընկերության գործունեության կառավարմամբ զբաղված «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, Գուրգեն Սարգսյանին և Սուրեն Ավագյանին մեղադրանքներ էին առաջադրվել, նրանք գրավի դիմաց ազատ էին արձակվել։

XS
SM
MD
LG