Մատչելիության հղումներ

Խոշորացված Սիսիան և Անի համայնքներում, ըստ նախնական տվյալների, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»


Անցած սեպտեմբերին կրած պարտություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» անցած կիրակի կայացած արտահերթ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է խոշորացված Սիսիանում և Անիում, և երկու համայնքում էլ առանց կոալիցիա կազմելու կարող է համայնքային իշխանություն ձևավորել։

Շիրակի մարզի Անի համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանը, ով ընտրություններին մասնակցում էր «Ազգ-համայնք» դաշինքով ու սեպտեմբերին հաղթել է ՔՊ-ին, այս անգամ պարտվեց։ Թեև ասում է՝ իրենց ձայները նախորդ ընտրությունների համեմատ չեն պակասել։

Հիմա վերլուծում են, թե ինչպես ստացվեց, որ 5 տարի առաջ, երբ խոշորացումից հետո առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին, մոտավոր նույնքան ընտրող էր մասնակցել որքան հիմա, այն պարագայում, որ ընտրողների թիվը 2000-ով նվազել է. - «Էն ժամանակ 9800 էին մասնակցել, հիմա՝ շուրջ 9850։ Բավականին հետաքրքիր տվյալներ են, որը վերլուծություն է պահանջում։ Էս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»։

Արտակ Գևորգյան
Արտակ Գևորգյան

Ըստ նախնական արդյունքների, Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 5180, իսկ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3134 քվե։ Ըստ Գևորգյանի, հենց մասնակցության աճի հաշվին էլ ՔՊ-ը 2000-ով ավելացրեց իր քվեները նախորդ ընտրությունների համեմատ. - «Երբ որ խոսում ես տարբեր բնակավայրերի ներկայացուցիչների հետ, որոնք գյուղը և գյուղի ընտրողին ճանաչում են, իրենց համար մարդիկ են եղել ընտրությանը մասնակցած, որոնք գրանցված իրենց բնակավայրերում եղել են տարիներ շարունակ, բայց էդ մարդկանց դեմքերը երբևէ իրենք շփման մեջ չեն տեսել։ Եվ էդ մարդիկ եկել էին գյուղ՝ ընտրության»։

Անիում երեկ որոշ տեղամասերում լարվածությունը նկատելի էր, միջադեպ գրանցվեց նաև «Ազատության» նկարահանման պահին, երբ օգնության կարիք ունեցող մի տարեց ընտրողի համար վստահված անձանց միջև վիճաբանություն սկսվեց։

Ի վերջո ընտրողն ինքը որոշեց թեկուզ դժվարությամբ, բայց ընտրել։ Տեղամաս կար, որ ընտրող չկար, բայց միանգամից մի քանի տասնյակով էին գալիս, տեղամաս էլ կար, որ հերթ էր։

Սիսիան համայնքում ՔՊ-ն ավելի մեծ տարբերությամբ է հաղթել։ Ըստ նախնական տվյալների, «Քաղպայմանագիրը» ստացել է 7325 քվե, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Հանրապետականը՝ 2553։ Երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացու որոշումը» 1443 քվե է ստացել։ Այս կուսակցության ներկայացուցիչները մինչև ընտրություններն էլ ահազանգում էին նախընտրական քարոզարաշավի անհավասար պայմանների մասին։

Վարդան Բալյան
Վարդան Բալյան

Թիվ 34 ընտրատարածքում ՔՈ լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանն պնդում է՝ իշխող ուժը երեկ ամբողջությամբ վերհսկել է ընտրական գործընթացը. - «Դեպի տեղամասեր բերող բոլոր ճանապարհներին կանգնած էին իրենց կուսակցության հետ փոխկապակցված կամ կուսակցությունը ներկայացնող տարբերն անձինք, թեկնածուներ, նախընտրական շտաբի անդամներ կամ պետական, համայնքային հիմնարկների աշխատողներ, որոնք ներգրավված էին իրենց կողմից քարոզչական էդ պրոցեսի ընթացքում։ Եվ էդ ամբողջ քվեարկության օրվա ընթացքում ընտրողները մտնելիս և դուրս գալիս մոտենում էին էդ անձանց»։

ՔՈ կուսակցությունը վարչական դատարանում վիճարկել է ՔՊ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը՝ նախընտրական ժամանակահատվածում թույլ տված խախտումների հիմքով։ Դատարանը թեև հայցը վարույթ ընդունել է, բայց մարտի 25-ի նիստում մերժել է հայցի քննարկումը։ ՔՈ կուսակցությունը պատրաստվում է իրավական գործընթացը շարունակել ու բոլոր իրավախախտներին պատասխանատվության ենթարկել։

«Հիմա եթե մենք պետություն ենք, կա'մ էս հանգամանքներին անդրադառնում ենք և էդ իրավախախտումները կատարողներին պատասխանատվության ենք ենթարկում՝ համապատասխան որոշումներ կայացնելով, կա'մ ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական առաջընթացը, որ ունեցել ենք վերջին տարիներին, այլևս արձանագրել հնարավոր չի, ունենք հետընթաց», - ասաց Բալյանը։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Սյունիքից ընտրված իշխանական պատգամանավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում խախտումների մասին պնդումներին, ասաց , թե բոլորը կուսումնասիրվեն. - «Եթե կան հաղորդումներ խախտումների մասին, վստահ եղեք, որ այդ հաղորդումները բավականին լուրջ ուսումնասիրության առարկա են լինելու, որևէ հաղորդում առանց ուսումնասիրության չի կարող մնալ»։

Խախտումներ արձանագրել է նաև «Անկախ դիտորդ» կազմակերպությունը։ Թեև մամուլում ընտրակաշառքի ու ուղղորդված քվեարկությունների մասին ահազանգեր են եղել, բայց, ըստ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի, ապացույցներ չունեն այդ մասին։ Կուտակումներ եղել են տեղամասերի մոտ։

Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

Օրինակ, Սիսիանում ԱԺ-ի պատգամավորի ու համայնքապետի թեկանածուն թեև տեղամասից 50 մետր հեռավորությունը պահել են, բայց նրանց տեղամասի մոտ գտնվելու հանգամանքը, ըստ Իոաննիսյանի, հարցեր է առաջացրել. - ««Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Կարեն Համբարձումյանը առավոտվանից մինչև իրիկուն գտնվում էր 34/6 տեղամասի մոտակայքում, բարևում էր ամեն երկրորդ ընտրողին։ Իրենց թեկնածուն՝ Արմեն Հակոբջանյանը, գտնվում էր 34/1 տեղամասից մի 60-70 մետր հեռավորության վրա, բոլորին բարևում էր, բայց պահում էր 50 մետրանոց դիստանցիան։ Սա հարցեր առաջացնող պահվածք ա, բայց ֆորմալ առումով ապօրինի չի»։

Դատախազությունը ավագանու արտահերթ ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ երեք ահազանգ է ստացել, երեքն էլ՝ Անի համայնքից։

XS
SM
MD
LG