Մատչելիության հղումներ

Դեբեդեցի միակ հովիվը մտահոգ է՝ ոչխարաբուծությունը սկսել է չգրավել երիտասարդներին


Դեբետեցի հովիվ Ժորա Նազլուխանյանն արդեն 5 տարուց ավելի հանդերում մենակ է լինում։ Լուսաբացից մինչև արևամուտ սարերով տանում է իր ոչխարներին, բայց ուրիշ անասնատիրոջ չի պատահում։ Հովվի գործից բոլորը երես են թեքել։

«Սաղ գեղը էն ժամանակ ոչխար էր պահում, չոբան գնալու համար վերացրին։ Սաղ գիշերը արթուն մինչև ձյան գալը։ Հիմա շատ չեմ հեռանում, որ գան, գառը տանեն։ Գործը ծանր է, ամեն մարդու բան չի», - ասում է նա։

Ամբողջ օրն ինքն է, ոչխարների բառաչն ու հեռախոսից հնչող լուրերը։ Երբեմն սարի ծաղիկների ետևից եկած պատահական անցվորների հետ է օրը լցնում, կնոջ կարած կտորե տոպրակում սարեր հասցրած մի կտոր հացը, խնձորն ու կոնֆետը հյուրասիրում։ Բայց այսօր եղանակն այն չէ՝ նրանց էլ չի պատահում։

Սարեր հասցրած մի կտոր ուտելիքն անգամ ոչխարների հետ է կիսում։ Ասում է, թե կանչերին չարձագանքեն, մի կտոր հացի ու կոնֆետի ետևից հաստատ գալիս են՝ սովոր են. - «Սովորցրել ենք, ընկնում են ետևիցս, գալիս են»։

Իրենից հետո գյուղում է՛լ մեծաքանակ ոչխար պահող չի լինի, կանխատեսում է հովիվ Ժորան ու նշում գլխավոր պատճառը՝ արոտավայր չունեն։ 30 ոչխարն արոտին հասցնելու համար 30 կիլոմետր սար ու ձոր է անցնում։ Այսօրվա ջահելը չի անի։

«Սաղ էս դաշտերը ծախած են», - ասում է նա։

Դսեղցի Մխիթար Ղուլինյանը նոր անասնագոմ է կառուցել, գլխաքանակն ավելացրել։ Նա էլ նշում է, թե ոչխարաբուծությունը ծանր գործ է։ Անկողիններն առաջվա նման էլ բրդից չեն պատրաստում։ Գորգերի գործարաններն էլ փակվել են։ Ոչխարը թողել, խոշոր եղջերավոր է պահում։ Ասում է՝ գյուղում չաշխատել չի լինի: Անգամ ուրախությամբ նշում է, թե Դսեղում իրենցից ունևոր ընտանիքներ կան՝ աշխատանքով ստեղծել ու վաստակում են։

«Եթե էստեղ լինի, կապրեմ, թե չէ ճամփա չեմ պահի, թե մեկը մի կտոր հաց կա, ուտեմ։ Որ չկարողանանք ապրել, աշխատել, էլ ինչի՞ ենք պետքը։ Մեր գյուղում անասուն ունեցողներ շատ կան», - նշում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG