Մատչելիության հղումներ

Ներքաղաքական ճգնաժամը Իսրայելում շարունակում է խորանալ


Չի բացառվում, որ արդեն առաջիկա ժամերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնապես հայտարարի երկրի դատական համակարգի բարեփոխումների գործընթացը առժամանակ դադարեցնելու մասին։ Վերջին ժամերին նման տեղեկություն են տարածում իսրայելական մի շարք լրատվամիջոցներ, պնդելով, որ կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել է առավոտյան, կոալիցիոն գործընկերների հետ շտապ խորհրդակցության ժամանակ։

Իրավիճակը Իսրայելում սրվեց կիրակի երեկոյան, երբ ավելի քան 600 հազար մարդ դուրս եկավ երկրի խոշորագույն քաղաքների փողոցները՝ պահանջելով կառավարությունից հրաժարվել դատական համակարգի արմատական բարեփոխումների ծրագրից։ Շրջանառության մեջ դրված այդ նախագծով Նեթանյահույի կառավարությունը մտադիր է զգալիորեն կրճատել Իսրայելի Գերագույն դատարանի լիազորությունները՝ դատական այս ատյանին զրկելով կառավարության որոշումները չեղարկելու իրավունքից։ Բացի այդ, նախագծի վերջնական հաստատման դեպքում, խորհրդարանը որոշիչ դեր կստանա Գերագույն դատարանի դատավորների նշանակման հարցում։

Վիճահարույց այս նախաձեռնության դեմ բողոքի ակցիաները մեկնարկել էին դեռ անցած տարեվերջին, սակայն նոր թափ ստացան և ոստիկանության հետ աննախադեպ կատաղի բախումների վերածվեցին միայն երեկ, երբ վարչապետ Նեթանյահուն պաշտոնանկ արեց Պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագրից հրաժարվելու նրա հրապարակային կոչից համար։

«Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները չեն շրջանցում նաև մեր երկրի բանակը։ Ես տեսնում եմ, որ մեր պետության ուժի աղբյուրը հանդիսացող այդ կառույցը, այս իրադարձությունների հետևանքով սկսել է թուլանալ։ Հասարակության ներսում խորացող պառակտումը ներթափանցում է նաև Զինված ուժերի և անվտանգության կառույցների շարքերը։ Դա անմիջական սպառնալիք է պետության անվտանգությանը», - հայտարարում էր Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ողջ գիշեր շարունակված բախումներից հետո, այսօր առավոտյան Իսրայելի արհմիությունները հանդես եկան համազգային գործադուլի մեկնարկի մասին հայտարարությամբ։

«Այս պահից սկսած մենք համընդհանուր գործադուլ ենք սկսում», - հայտարարում էր Իսրայելի արհմիությունների համադաշնության ղեկավար Արնոն Բար-Դավիթը՝ պնդելով, թե Նեթանյահուի գործողությունները հարիր են ոչ թե Մերձավոր Արևելքի միակ դեմոկրատական պետությունը համարվող Իսրայելին, այլ որևէ բանանային հանրապետության։

Այսօր կեսօրին արդեն փակ էին երկրի գրեթե բոլոր համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները և պետական հիվանդանոցները։ Աշխատանքն էին դադարեցրել նաև Հայֆայում և Աշդոդում գտնվող նավահանգիստներն, ինչպես նաև Իսրայելի խոշորագույն միջազգային օդանավակայանը, ինչի հետևանքով տասնյակ թռիչքներ հետաձգվել են կամ չեղարկվել։

Ստեղծված իրավիճակից օգտվելու փորձ ձեռնարկեց նաև Իսրայելի ընդդիմությունը՝ երկրի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկելով Նեթանյահուի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը։ Այս առաջարկով շրջանառության մեջ դրված երկու նախագծերը, սակայն, մերժվեցին կոալիցիոն մեծամասնության կողմից՝ քվեների համապատասխանաբար 59-53 և 60-51 հարաբերակցությամբ։

Սրան զուգահեռ Նեթանյահուի կառավարության հեղինակած դատական բարեփոխումների ճակատագիրը քննարկում էին նաև քնեսետի պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Քննարկումը, սակայն, այնքան էլ արդյունավետ չէր՝ նախագծի կողմնակիցներն ու հակառակորդները հիմնականում ոչ թե իրավական բնույթի առաջարկներով էին հանդես գալիս այլ փոխադարձ վիրավորանքներով։

XS
SM
MD
LG