Մատչելիության հղումներ

Այսուհետ փողոցում վաճառվող ապրանքը կկարողանան առգրավել. առևտրականները վրդովված են


Կազատագրվե՞ն Երևանի մայթերը միրգ-բանջարեղենից, կանաչեղենից, ձկնեղենից ու տարբեր այլ ապրանքներից։ Արգելված փողոցային առևտրի տարիներով չլուծվող խնդիրը կարգավորելու համար քաղաքային իշխանությունները նոր տարբերակ են մտածել, այսուհետ դրսում վաճառվող ապրանքը կկարողանան առգրավել։ Խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց նոր կարգավորումները:

Փողոցային առևտրով զբաղվողները վրդովված են նորությունից, ասում են՝ լավ օրից չեն այս գործին։ Շուկաներ տեղափոխվելու հորդորներին ի պատասխան պնդում են՝ այնտեղ իրենց ապրանքը չի ծախվում:

Մինչ այս գործող կարգավորումներով թաղապետարանի աշխատակիցները ստուգայցեր էին իրականացնում, ապօրինի առևտրի դեպքերով տուգանքի արձանագրություններ կազմում։ Սա, սակայն, արդյունք չէր տալիս։

Տեսախցիկներից հիմնականում խուսափող առևտրականները չեն թաքցնում՝ իրենց հորդորում են հեռանալ, գնում են, բայց րոպեներ անց վերադառնում են՝ ապրանքը կրկին շարում մայթերին։ Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անցած տարի այս պատկերն «առևտրի կենտրոն» արտահայտությամբ էր բնութագրել։

Երևանի ամենաբանուկ մասերում, օրինակ, Մաշտոցի պողոտայի մի հատվածում մայթն ամբողջությամբ գրավված է, քայլելու տեղ գրեթե չկա։ Անցորդներն ասում էին՝ չեն ցանկանում, որ առևտրականներն անգործ մնան, բայցև շեշտում էին՝ տեսարանը հաճելիներից չէ:

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ 2019-ից մշակվող այս փոփոխություններով կկարողանան էականորեն կարգավորել խնդիրը. - «Էս պարագայում, երբ որ մենք լիազորություն ունեցանք ապրանքները վերցնելու, բացի այն, որ կտուգանենք, բնականաբար, կկարողանանք առևտուրը դադարեցնել և մեր երևանցիների համար արդեն տեսանելի արդյունք կապահովենք»:

Առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանը պարզաբանում է՝ 70 - 100 հազար դրամի տուգանքի տարբերակը չէր աշխատում, որովհետև փողոցային առևտրով զբաղվողները վճարունակ չեն, իրենց անունով գույք չունեն. տարվա ընթացքում այդպիսի առնվազն 1500 արձանագրություն են կազմում, բայց՝ ապարդյուն:

«Խուսափելու մի հնարավորություն էր, հետևաբար, օրենքը աչևիցե ազդեցություն պատիժների իմաստով չէր ունենում, և մարդիկ շարունակում էին փողոցում իրենց առևտուրը», - նշեց Սաֆարյանը:

Պաշտոնյան վստահեցնում է՝ նախքան ծայրահեղ միջոցին անցնելը առևտրականներին կրկին կհորդորեն կա՛մ շուկաներ տեղափոխվել, կա՛մ պտտվել թաղերով, մի տեղում չմնալ։

XS
SM
MD
LG