Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Լուսաղբյուրում անորակ անցկացված ջրագծի հարցով զբաղվում են իրավապահները


Երկու տարի առաջ 72 միլիոն դրամ է ծախսվել պետության համաֆինանսավորմամբ Լուսաղբյուր գյուղում ջրագիծ անցկացնելու համար, շինարարական ավարտական ակտ է ստորագրվել, փորձարկումներ են արվել, բայց խմելու թարմ ջուրը մեծ մասի տներ չի հասել, ոմանք էլ միայն մի քանի ամիս են օգտվել դրանից։

Լուսաղբյուրում ջրագիծ տասնամյակներով չկար։ Շինարարությանը անհամբերությամբ հետևած Հակոբ Խաչատրյանը հույս ուներ, թե վերջապես հորից չեն օգտվի, խմելու ջուրն էլ գյուղի աղբյուրից չեն կրի, բայց ստիպված նորից հին եղանակներին են անցել. - «Տեսանք, որ անընդհատ կտրում են ջուրը, չկա, նորից նույնը միացրեցինք»։

Գյուղացիները պատմեցին, որ շինարարը ջրագիծը ավազի շերտով չի մեկուսացրել, ինչի հետևանքով խոշոր քարերը վնասում են խողովակաշարը ու անընդհատ վթարներ են տեղի ունենում։

Նորանշանակ վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանն ամեն փորած փոսը տեսանկարահանել է, որ ապացույց ունենա։ Ասում է օր չկա, որ վթար չլինի. - «Վթարները էս պահին էլ կա, գյուղում չորս տեղ վթար կա։ Այդ իսկ պատճառով գյուղում ջրամատակարարում էս պահին 70 տոկոսը չունի»։

Շինարարը «Փայլ» ընկերությունն է, որի ներկայացուցիչը «Ազատության» այցելության պահին գյուղում էր։ Լուսաղբյուրցիները շինարարին օրերս փորված խրամուղու մոտ տարան՝ ապացուցելու, որ թերություններով են անցկացրել ջրագիծը։ Գլխավոր հարցը մեկն էր՝ ո՞ւր է ավազի շերտը։

Շինարարը զանգերի միջոցով մարդկանց էր փնտրում՝ ո՞վ է բերել ավազը, որտե՞ղ են լցրել։ Կարոն տեսել է, Արմենը բերել է, Ավագը կրել, բայց փորված խրամուղում ավազ այդպես էլ չգտան։

Շինարարը, որ սկզբում չէր ընդունում գյուղացիների մեղադրանքը, խրամուղին տեսնելուց հետո ավազ չլինելու հանգամանքը այսպես բացատրեց. - «Էս մարդիկ փաստացի ցույց են տալիս ստեղ, որ ավազ չկա։ Ես էլ եմ իրանց հետ տեսնում, որ ավազ չկա։ Բայց որ ավազը բերվել-լցվել ա և էդ տեսնողը կա... բայց որ փաստացին չկա, էդի հաստատ։ Կարա լվազած էղնի...»

Լուսաղբյուրցիների բարձրաձայնած խնդրով արդեն իրավապահներն են զբաղվում։ Շինարարական թերությունները Պետական վերահսկողական ծառայությունն է հայտնաբերել, Քննչական կոմիտեն էլ քրեական վարույթ է նախաձեռնել խոշոր չափերով խարդախության և պաշտոնական անփութության համար։

Լուսաղբյուրը խոշորացված Անիի համայնքներից մեկն է։ Անիում այս կիրակի ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ Շինարարությունն իրականացվել է համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանի օրոք, որն այժմ ընդդիմադիր դիրքերից է մասնակցում ընտրություններին։

Գևորգյանը նախընտրական այս ժամանակահատվածում նման բացահայտումը քաղաքական հետապնդում է որակում. - «Սա ուղղակի սև մեխանիզմ է, որպեսզի փորձեն հերթական անգամ ընտրական փուլին ընդառաջ մարդկանց հետ կապված հոգեբանություն փոխեն և իրավիճակ»։

ՊՎԾ-ի բացահայտած խախտումների վերաբերյալ շինարարն էլ հարց ունի, ասում է՝ թող գան միասին ուսումնասիրենք, փաստերով. - «Նույն հարցն էլ ես կարող եմ տալ՝ ինչո՞ւ է ՊՎԾ-ն ասում։ Քանի որ գյուղը ստեղ ա, չի գնացել, աշխատանքը ստեղ ա, խրամուղիների խորությունը կա, ամեն ինչ տեղում ա։ Ասելը մի կողմ ա, փաստերը՝ մյուս կողմ»։

Դավիթ Պողոսյանի ձեռքի տակ խողովակի հավատագիրն է ու ընդունող հանձնաժողովի 6 անդամների ստորագրությամբ ավարտական ակտը։ Պնդում է՝ ամեն ինչ կառուցվել է նախագծին համապատասխան։

Ծրագրի իրականացաման պատասխանատուներից էլ Կարեն Գրիգորյանն, ով նաև ընդունող հանձանաժողովի անդամներից է, ասում է՝ ջրագիծը շահագործումից հետո փորձարկվել է, վթարները մի քանի ամիս անց են սկսվել։ Խողովակների որակին են կասկածել՝ փորձաքննության են ուղարկել ու կասկածները փորձաքննությամբ հաստատվել են. - «Եվ էդ վթարները հաճախացան 63 միլիմետր և դրանից ցածր խողովակաշարերի ցանցում։ Որն էլ մեզ ինչ-որ տեղ արդեն կասկածի խնդիր տվեց, և փորձաքննությունները մեր կասկածները հիմնավորեց»։

Լուսաղբյուր համայնքը տուժող է ճանաչվել, բայց գործում կասկածյալներ կամ մեղադրյալներ առայժմ չկան։ Նախաքննության ավարտից հետո միայն պարզ կդառնա, թե ով է մեղավոր և հասցված վնասը ումից պահանջեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG