Մատչելիության հղումներ

«Երևի Մարիա Զախարովան էլ իր խորհրդին կհետևի, կկարդա, կհամոզվի, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել». Վիգեն Խաչատրյան


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա

«Երևի Մարիա Զախարովան էլ իր խորհրդին կհետևի, կկարդա, կհամոզվի, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել»։ Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսպես է արձագանքում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանի վարչապետին առնչվող հայտարարությանը։

Փաշինյանն այս շաբաթ ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն այժմ Ռուսաստանի Դաշնությունն է։ Մարիա Զախարովան, անդրադառնալով այդ պնդմանը, երեկ խորհուրդ էր տվել ևս մեկ անգամ ընթերցել եռակողմ հայտարարության տեքստը։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Չնայած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ստորագրած հայտարարության տեքստում ուղիղ հիշատակում չկա այն մասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ևս համոզված է՝ դա կարդալիս ընկալելի կդառնա. - «Շատ հանգիստ կարելի ա դա ընկալել։ Ցանկության հարց ա։ Երևի Մարիա Զախարովան դժվար ա ընկալում էդ ճշմարտությունը։ Դա իր անձնական պրոբլեմն ա»։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անհիմն է համարում իշխանությունների պնդումը, թե Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանը։ Աբրահամյանը համոզված է՝ հայաստանյան իշխանությունները տևական ժամանակ Արցախում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատու են հռչակել Ռուսաստանին՝ փորձելով իրենց վրայից գցել պատասխանվությունը. - «Ես կարծում եմ, ինչպես այդ փաստաթղթով, այնպես էլ հաշվի առնելով Արցախում ապրում է հայ ժողովուրդի մեկ հատվածը, Հայաստանը պետք է ունենա անվտանգության և մնացած գործառույթների առումով շատ ավելի մեծ պատասխանատվություն, քան կարելի է ենթադրել երկրորդ, երրորդ երկրներից։ Եթե Ռուսաստանը լրացուցիչ անվտանգային երաշխիքներ ստանձնի, դա բնականաբար լավ կլինի»։

«Արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի դաշնությունն է»։ Շաբաթասկզբին հրավիրած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն անելիս շեշտել էր՝ ոչ թե Հայաստանը հրաժարվում է, այլ պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել անվտանգության երաշխավորի գործառույթը։

Նույն այդ ասուլիսին Փաշինյանն անդրադարձել էր Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին, ասել, թե ճգնաժամ դրանցում չկա։

Չնայած հայաստանյան իշխանությունները հերքում են Երևան - Մոսկվա հարաբերություններում առկա ճգնաժամի մասին պնդումները, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը համոզված է՝ լարվածությունն ակնհայտ է, դա են փաստում Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ կշտամբանքները. - «Հակառակ դեպքում այսքան երկար տարբեր բնույթի հարցերով այսպիսի կոշտ հռետորաբանություն միմիյանց նկատմամբ չէր լինի»։

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, ըստ Աբրահամյանի, չի կարող լավ անդրադառնալ Հայաստանի վրա նաև այն առումով, որ Ռուսաստանը տարածաշրջանի խաղացողներից է։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը Երևանին մեղադրել էր նաև կուրսի փոփոխության համար։

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հերքում է այս հայտարարությունը ևս. - «Հայաստանի իշխանությունները պարտավոր են սպասարկել Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերը, ինչով և զբաղվում է Հայաստանի իշխանությունը։ Ելնելով այդ շահերի սպասարկման անհրաժեշտությունից՝ կառուցվում են համապատասխան հարաբերություններ, ստանձվում են պարտավորություններ»։

Երևանն ու Մոսկվան, ըստ ամենայնի, կնճռոտ հարցերը քննարկելու հնարավորություն կունենան հաջորդ շաբաթասկզբին։ Արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն Մոսկվայում մարտի 20-ին։

Ըստ ռուսական կողմի՝ պաշտոնյաները քննարկելու են երկկողմ երկկողմ համագործակցության զարգացման և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում։ Քննարկումների կենտրոնում լինելու են տարածաշրջանյին խնդիրները, նաև՝ Լեռնային Ղարաբաղի։

Այսօր Ազգային ժողովում փոխարտգործնածարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ մոսկովյան հանդիպմանը արտգործնախարարները քննարկելու են նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրամիության առաքելության հարցը։ Ավելի վաղ Մոսկվան առաքելության տեղակայումը Հայաստանում գնահատել էր որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Երևանը հերքում է սա՝ շեշտելով, որ 100 հոգանոց Եվրամիության քաղաքացիական առաքելության նպատակը կայունությանը նպաստելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG