Մատչելիության հղումներ

Բրիտանիայում պաշտոնյաներին զրկել են TikTok օգտագործելու իրավունքից


TikTok ցանցի ապրանքանշանը
TikTok ցանցի ապրանքանշանը

Բրիտանիայի կառավարությունը պետական պաշտոնյաներին օրենքի ուժով զրկում է ByteDance չինական տեխնոլոգիական ընկերությանը պատկանող TikTok սոցիալական ցանցի հավելվածը ծառայողական բջջային հեռախոսներում ունենալու իրավունքից: Այդ մասին այսօր հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պահպանողական պատգամավոր Օլիվեր Դոուդենը:

«Մենք մտադիր ենք պետական սարքավորումների վրա արգելել TikTok-ը, որոշումն անմիջապես մտնում է ուժի մեջ», - ասել է Դոուդենը:

Իշխանությունները որոշումը պատճառաբանում են անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

Դոուդենի փոխանցմամբ, բացառություններ կարվեն միայն այն դեպքերում, երբ TikTok-ի օգտագործումն անհրաժեշտ կլինի պետության համար:

«Յուրաքանչյուր դեպքում խնդիրը կքննարկվի անվտանգության հարցերով մասնագետների մասնակցությամբ: Մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունը խոհեմ և համաչափ միջոցով»,- ասել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ արգելքը տարածվում է բացառապես ծառայողական հեռախոսների վրա, և պետական պաշտոնյաները կարող են TikTok-ի հավելված ունենալ իրենց մասնավոր բջջային հեռախոսներում:

TikTok ընկերությունը հիասթափություն է հայտնել Լոնդոնի որոշման կապակցությամբ, հայտարարելով, թե այն ընդունվել է «աշխարհաքաղաքական պատճառներով, որոնց հետ միլիոնավոր բրիտանացի օգտատերեր ոչ մի կապ չունեն»:

Կարճ տեսահոլովակներ տեղադրելու հնարավորություն ընձեռող TikTok-ը ստեղծվել է 2017 թվականին և միջազգային ասպարեզում է հայտնվել 2018-ի օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG