Մատչելիության հղումներ

Արցախում, ռազմական դրության դեպքում, ԱԺ-ն նախագահ կընտրի․ որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց


Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին․ Արցախի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ, միաձայն ընդունեց Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը։

Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն:

Փոփոխություների նախաձեռնությունը նախագահ Արայիկ Հարությունյանինն է։

Գործող Սահմանադրությամբ, նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվում։

Առաջարկվող փոփոխությամբ, հնարավոր կլինի խուսափել Ազգային ժողովի լուծարումից, որն էլ կշարունակի գործել ու կկարողանա նախագահ ընտրել։

Քննարկումներին, թե այս փոփոխությունները Հարությունյանը նախաձեռնել է, որ ժամանակից շուտ հրաժարական տա, նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավետիսյանը հերքել էր՝ ասելով՝ նախագահը չի պատրաստվում նման քայլի գնալ։ Ավանեսյանը նաև անտրամաբանական էր համարել պնդումները, թե այս փոփոխությունն արվում է նախագահական ժամկետից հետո Հարությունյանին կրկին նախագահ ընտրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG