Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը նոր հակակառավարական ցույցեր է պլանավորում


Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ կանանց բողոքի ցույցը Թբիլիսիում, 8-ը մարտի, 2023թ.
Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ կանանց բողոքի ցույցը Թբիլիսիում, 8-ը մարտի, 2023թ.

Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ Միացյալ ազգային շարժումը պլանավորում է ապրիլի 9-ին նոր բողոքի ցույց կազմակերպել Թբիլիսիում։ Կուսակցության առաջնորդ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ իշխանություններին ժամանակ է տրվել կատարելու հանրության պահանջը՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացման հարցով։

«Ռուսական օրենքի ընդունումից, [բողոքի ցույցերը] կոշտ ցրելուց հետո, երբ վրաց ժողովուրդը հաղթեց ռուսաստանցի օլիգարխին և փշրեց նրա անպարտելիության մասին առասպելը, «Ռուսական երազանքի» անդամներն իրար հերթ չտալով սկսեցին հայտնվել եթերում։ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդարանի պատգամավորներին հայհոյելով ըստ էության Կրեմլին հասկացրել է, որ տակտիկապես նահանջ են արել և առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, և որ չեն պատրաստվում կատարել հանձնարարականները», - պնդել է ընդդիմադիր առաջնորդը։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն օրերից մեկն է։ 1989 թվականի այդ օրը խորհրդային բանակի ուժերը Թբիլիսիի կենտրոնում ցրել են ազգային ազատագրական շարժման կողմնակիցների խաղաղ ցույցը՝ ցուցարարների դեմ կիրառելով թունավոր գազ, հրազեն և այլ միջոցներ։ Այդ իրադարձությունների ժամանակ սպանվել է առնվազն 21 ցուցարար, այդ թվում՝ դեռահասներ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

XS
SM
MD
LG