Մատչելիության հղումներ

Մոսկվայում շարունակվում է ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզայի դատը


Ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող և հասարակական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզա, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող և հասարակական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզա, արխիվ

Անցած երկուշաբթի օրը՝ մարտի 6-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը կայացրել է ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզայի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշում: Նա մինչև օգոստոսի 27-ը կմնա նախաքննական մեկուսարանում, որտեղ գտնվում է անցյալ տարվա ապրիլից:

Կարա-Մուրզան մեղադրվում է երեք հոդվածներով՝ ռուսական բանակի մասին «ֆեյք» տեղեկությունների տարածում, համագործակցություն «անցանկալի» ճանաչված կազմակերպության՝ «Բաց Ռուսաստանի» հետ, և պետական դավաճանություն:

Այս երկուշաբթի օրը՝ մարտի 13-ին, դատարանը դռնփակ ռեժիմով շարունակել է գործի քննությունը:

Նիստից հետո ամբաստանյալի փաստաբան Վադիմ Պրոխորովն ասել է, որ Կարա-Մուրզան չի ընդունում մեղադրանքներից և ոչ մեկը:

«Վլադիմիրը պարզ ու հստակ հայտարարել է, որ իրեն հետապնդում են մի բանի համար, որն ամբողջ աշխարհում «բնականոն քաղաքական գործունեություն» են անվանում», - ասել է փաստաբանը:

Կարա-Մուրզան առողջական լուր խնդիրներ ունի, նրա մոտ ախտորոշվել է պոլինևրոպաթիա՝ նյարդերի վնասում, որի հետևանքով նախևառաջ տուժում են վերջույթները: Հիվանդության ընթացքում ախտահարվում են ծայրամասային ներվերը, առաջանում են պարեզներ, այլ խանգարումներ և ցավեր:

Մոսկվայի քրեակատարողական ծառայության գլխավոր նյարդաբանը հայտնել է, որ այդ հիվանդությամբ տառապողին նախաքննական մեկուսարանում չի կարելի պահել, և որպես խափանման միջոց պետք է տնային կալանքն ընտրել, բայց դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը: Ընդ որում, այդ հիվանդությունը գուցեև շատ հավանական պատճառ ունի:

«Ինչ վերաբերում է առողջական վիճակին, հիշեցնեմ, որ երկու անգամ՝ 2015 և 2017 թվականներին, նրան շատ ծանր թունավորել են, հավանաբար՝ «Նովիչոկով» կամ նմանօրինակ մեկ այլ թույնով», - ասել է փաստաբան Պրոխորովը:

Ինքը Կարա-Մուրզան համոզված է, որ ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնիին իշխանությունները ժամանակին «Նովիչոկով» թունավորել են քաղաքական գործունեության համար:

Կարա-Մուրզան կտրականապես հերքում է Ուկրաինայում պատերազմող ռուսական բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքը:

Նա ընդգծել է, որ իր ելույթներում դատապարտել է ուկրաինական բնակավայրերի ռմբահարումները և հրթիռակոծությունները, սակայն դրանց մասին խոսելիս վկայակոչել է միայն բաց աղբյուրներում հրապարակված տվյալները:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կարա-Մուրզայի կալանավորման հետ առչություն ունեցող պաշտոնյաների նկատմամբ:

Պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատել քաղաքական գործչին:

Կրտսեր Վլադիմիր Կարա-Մուրզան ռուսաստանցի անվանի ընդդիմադիր և լրագրող, հանգուցյալ Վլադիմիր Կարա-Մուրզայի որդին է:

XS
SM
MD
LG