Մատչելիության հղումներ

Պարեկներին կացնով սպառնացող 45-ամյա տղամարդը մահացել է ծառայողական զենքից արձակված կրակոցից


Հրազդան քաղաքի 17-ամյա բնակիչ Հասմիկ Բաղդասարյանի ահազանգից հետո կատարվածն օրվա ամենաքննարկվող թեման էր։ Երիտասարդ աղջիկը երեկ կեսգիշերից հետո ձայներ է լսել, արագ կողմնորոշվել է ու ոստիկանություն զանգել։

«Գողը էնտեղ էր, մենակ։ Կացնով դուրս էկավ հացատնից ու ոստիկաններին սպառնում էր», - ասում է Հասմիկը։

Գողության փորձ էր, որի մասին այսքան չէր խոսվի, եթե չլինեին հաջորդող իրադարձությունները։

Ըստ Քննչականի, դեմքը պարկով ծածկած գողն անասնագոմից դուրս գալով կացնով հարձակվել է ժամանած ոստիկանների վրա, պարեկներից մեկը երկու նախազգուշական կրակոցից հետո երրորդ գնդակն արձակել է 45-ամյա տղամարդու կրծքավանդակի ուղղությամբ, վերջինս հիվանդանոցում մահացել է.

«Դեմքը փակ էր, ինքը տարածության մեջ չէր կողմնորոշվում ու կացնով շարժումներ էր անում», - պատմում է Հասմիկ Բաղդասարյանը։

Հնարավոր գողոնն առանձնապես մեծ չի եղել, ասում է նա, իրենց անասնագոմում միայն հին իրեր ու գործիքներ են. - «Կացինը, որով սպառնում էր, հացատնից էր վերցրել, մեր տան կացինն էր։ Էնտեղ գործիքներ էին, ինքը ոչ մի բան չի վերցրել»։

Հրազենը կիրառվել է ծառայողների կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար, առավոտյան հայտարարեց ոստիկանությունը։ Հետո էլ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ թվում՝ սպանության հատկանիշներով։ Մի շարք անձինք հարցաքննվել են, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

Կրակոցն արձակած պարեկ ազատության մեջ է, նա առայժմ որևէ կարգավիճակ չունի։

«Բարեբախտաբար, պարեկների համազգեստի վրա կան տեսախցիկներ, որոնք չեն կարող անջատել, և որոնք որ շատ հեշտությամբ կօգնեն, որպեսզի քննությամբ պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և որքանով են պարեկի գործողությունները իրավաչափ, որքանով էր համաչափ և որքանով, օրինակ, հնարավոր չէր դա այլ կերպ լուծել», - «Ազատությանն» ասաց պարեկային ծառայության ներդրման աշխատանքներին մասնակցած իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքն է, երբ պարեկի արձակած կրակոցից քաղաքացի է մահանում. - «Եթե ամեն ինչ իրոք այնպես է եղել, ինչպես ոստիկանությունը ներկայացնում է հաղորդագրության մեջ, և իրոք կացինով քաղաքացին հարձակվել էր ոստիկանների վրա, և դա իրոք ոստիկանների կյանքի համար վտանգ էր սպառնում, ապա հրազենի օգտագործումը իրավաչափ էր»։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով», - ասված է Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։ Կոմիտեի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ պետք է պարզվի պարեկի գործողությունների իրավաչափությունը, որից հետո նոր կհստակեցվի նրա կարգավիճակը քրեական գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG