Մատչելիության հղումներ

Օխտարի դպրոցական ավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը կայուն ծանր է, մյուսներինը բավարար


«Այ տենց վայ-վայ անելով ընկնում ենք ձորը»․ 10-րդ դասարանցի Արմինեն երեկ Սյունիքում ձորն ընկած Օխտարի դպրոցական ավտոբուսի 22 ուղևորներից մեկն է։ Դասից հետո երկու եղբայրների հետ տուն էր գնում, բայց ավտոբուսն իրենց գյուղի կանգառում չկարողացավ կանգնել։

«Որ արդեն հասել ենք մեր կանգառ, ասում եմ՝ «պահեք ստեղ», մի քիչ տարիքով մեծ մարդ էր, երևի մտածեցի չի լսել, որ չի պահում, ասում եմ՝ «չեք լսում, էստեղ պահեք»։ Ասում է՝ «վայ-վայ, տոռմուզները չեն պահում», ու ինքը ոչ մի բան չի կարում անի։ Ասում ենք՝ «գոնե դուռը բացեք, դռնով մի քանի հոգի կարա թռնի, փրկվի», - «Ազատությանը» պատմեց Արմինեն։

«ՊԱԶ» մակնիշի այդ ավտոբուսը կառավարումը կորցրել ու ձորն է ընկել 5 մետր բարձրությունից՝ շրջվել Աճանան գետի մեջ։ «Լավ է՝ աչքերս փակել էի», - հիշում է Արմինեն։ Նրա ընտանիքը պատերազմից հետո է Հադրութից Սյունիք տեղափոխվել։

«Եղբայրս էր ինձ կանչում՝ «Արմինե, Արմինե, վեր կաց, մենակ քեզ բան պատահած չլինի»։ Ուզում էի վեր կենալ, բայց չէի կարողանում ընդհանրապես, ինձ օգնեցին գետից հանեցին, հետո եղբայրս ինձ օգնեց, որ դուրս գամ էդտեղից», - ասաց Արմինեն։

Փրկարարները դուրս են բերում վթարված ավտոբուսը Աճանան գետից, 10-ը մարտի, 2023թ․
Փրկարարները դուրս են բերում վթարված ավտոբուսը Աճանան գետից, 10-ը մարտի, 2023թ․

Ողբերգական այս վթարի հետևանքով մահացել է դպրոցի դասվարը՝ 53-ամյա Թամարա Դավթյանը, 22 ուղևորները՝ 14 աշակերտ ու 8 ուսուցիչ և վարորդը Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել։

Կենտրոնի վնասվածքաբան Սարիկ Աթաջանյանի տեղեկացմամբ, տուժած ուսուցիչներից մեկը գանգի բաց կոտրվածք ուներ, Երևան է տեղափոխվել։ Այս պահին ծանր, բայց կայուն է գնահատվում Կապանի բուժկենտրոնում բուժումը շարունակող 4 հոգու առողջական վիճակը։ Մյուսների վիճակը բավարար է։

«Ունեն համակցված վնասվածքներ, կոտրվածքներ, պատառոտված վերքեր, տրավմատիկ շոկով են ընդունվել, ներկա պահին նրանց վիճակը բավարար է», - «Ազատությանը» փոխանցեց Սարիկ Աթաջանյանը։

Սարիկ Աթաջանյան
Սարիկ Աթաջանյան

Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, երթևեկելի գոտուց դուրս գալու պատճառները պարզելու ուղղությամբ։

Օխտարի դպրոցում շուրջ 40 աշակերտ է սովորում, հիմնականում Կապանից ու հարակից գյուղերից էին գնում գալիս նույն ավտոբուսով։

Դպրոցի լեզվի գրականության ուսուցչուհի Լուսինե Սարդարյանն ասում է՝ երեկ վթարված ավտոբուսն ու վարորդը առաջին անգամ էին սպասարկում իրենց։ «Ճանապարհները լավ են, ասֆալտապատ, ոչ մի խնդիր չկար էնտեղ, ընդամենը, ոնց հասկացանք, արգելակները չպահեցին ու դժբախտ պատահար տեղի ունեցավ», - ասաց Սարդարյանը։

Այսօր ավտովթարից տուժած երեխաներին ու ուսուցիչներին է այցելել կրթության նախարարը, Սյունիքի մարզպետը, նրանք երեխաներին գրքեր, պլանշետներ են նվիրել՝ հիվանդանոցային ձանձրալի ժամերը կրճատելու համար։

Ժաննա Անդրեասյանն այցելել է տուժած դպրոցականներին
Ժաննա Անդրեասյանն այցելել է տուժած դպրոցականներին

Նախարար Անդրեասյանն ընդգծել է՝ պետք է վերլուծություն արվի, թե երեխաների տեղափոխման գործընթացը, ընդհանրապես, ինչպես է կազմակերպվում, պահանջները պետք է շատ հստակ լինեն՝ միասնական ստանդարտներով։ Վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր ընկերությանը։

Օխտարի դպրոցական ավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը կայուն ծանր է, մյուսներինը բավարար
please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00
XS
SM
MD
LG