Մատչելիության հղումներ

«Փրկեցաք էս գյուղը»․ կոռնիձորցիները հիասթափված են՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը գյուղի միջով չի անցնելու


Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը Կոռնիձոր գյուղի միջով չի անցնելու, թեև գյուղացիներն անցած աշնանը ստորագրահավաք էին կազմակերպել ու կառավարությանը խնդրել, որ գյուղին հարակից դաշտերի փոխարեն ճանապարհն իրենց համայնքով կառուցեն։

«Եկան խաբեցին, բացարձակ ձևով եկան խաբեցին ժողովրդին, արհամարհեցին», - «Ազատության» հետ զրույցում ասում է կոռնիձորցի Վաղինակ Արզումանյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում սահմանային դարձած իրենց գյուղում նոր հեռանկարներ կբացվեին։

Գյուղացիները նույնիսկ փորձել են ընդվզել կառավարության որոշման դեմ, սակայն փոխարենը ոստիկաններ են գյուղ եկել։

«74 տարեկան եմ, ես կյանքում Կոռնիձորում սենց բան չեմ տեսալ։ Մարզում ինչքան միլիցիա կար, սաղ թափվալ էին ստեղ։ Չորս-հինգ հատ էլ դատարկ մաշին էին բերել, որ ժողովրդին հավաքեն տանեն, ասենք՝ ով որ ենթարկվի ոչ», - պատմեց Վաղինակ Արզումանյանը՝ շարունակելով․ - «Մեկին ասում ա՝ «կտանենք 50 հազար կտուգանենք», մեկին ասում ա՝ «70 հազար», մեկին ասում ա՝ «արա, դու մտածո՞ւմ չես, որ խոխա ունես»։ Է՞ս ա քու, ոնց են ասում, դեմոկրատիադ»։

Կոռնիձորցի Գրավիկ Խաչյանն էլ թվարկում է վերջին ամիսներին գյուղից հեռացած ընտանիքիներին և սրտնեղում, որ հիմա պետական պաշտոնյաները խուսափում են գյուղ գալուց, որպեսզի իրենց բողոքները չլսեն։

«Հիմա թող գոնե մարդ ուղարկեն, գան, մի հատ պարզաբանեն, տեսնեն՝ էս հինչ ա կատարվում էս գյուղում։ Մեղք են էս ժողովուրդը։ Ժողովուրդը հուսալքվեց, թողնելու ա գնա», - ասաց Գրավիկ Խաչյանը։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի խոսքով՝ ինքը նախարարին առաջարկել է ասֆալտապատել նաև Կոռնիձորի դաշտամիջյան ճանապարհից դեպի գյուղ եկող հատվածը։

Նոր ճանապարհն է կառուցվում
Նոր ճանապարհն է կառուցվում

«Ընդեղ մի քանի բան են շեշտել, կոնկրետ, որ գյուղի տակ՝ էդ փողոց գնացող ճանապարհը ասֆալտապատվի։ Ընդեղ,երեկ ես պարոն Սանոսյանին էլ եմ ասել, իրոք խոստացել են, անելու են՝ և՛ ասֆալտապատումը, և՛ տաղավար պիտի սարքեն, կոնկրետ Կոռնիձորի էտ տարածքում, որ մարդիկ իրանց ունեցածը՝ միրգը, բանջարեղենը վաճառեն էդ տաղավարներում», - ասաց Ղուլունցը։

Վաղինակ Արզումանյանն ամեն օր իր այգուց է հետևում գյուղը շրջանցած ճանապարհի կառուցման ընթացքին։ Գյուղացիների համար ճանապարհի վրա նաև կամուրջ-էստակադա է կառուցվում։

«Կա՞ մեկը, ինչ-որ մեկը, որ ասի՝ «Փաշինյան, էն մոստը ինչի՞ համար եք սարքալ», կա՞ տենց մարդ, կա՞ մեկը, որ ասի՝ «պարոն Սանոսյան, միլիոններ ես ծախսում էդ մոստին վրա, էս ինչե՞ր եք անում, էս ի՞նչ ա կատարվում, Դուք խի եք էս պետությունը թալանում, էս ճանապարհը, եթե ստեղով էր քնում, էնքան հողերը փչանո՞ւմ չէր», - ասաց Վաղինակ Արզումանյանը։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր Արցախը Հայաստանին կապող միջանցքի նոր երթուղու նախագիծը։ Սակայն Ադրբեջանն արդեն անցած տարվա ամռանը հայտարարեց ճանապարհի իր մասի կառուցման ավարտի մասին։ Հայկական կողմը շինարարությունը սկսեց անցած օգոստոսից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ճանապարհի շինարարական աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։

«Այս պահին հողային աշխատանքները գրեթե ավարտում ենք, շուրջ 97 տոկոս արդեն իրականացրել ենք, մի փոքր հատված այնտեղ ուղեանց ունենք գյուղացիների համար, էդ ուղեանցի մոտ է լիցք մնացել, մնացած բոլոր հողային աշխատանքներն ավարտել ենք», - ասաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենը։

Ավետիսյանի խոսքով՝ մոտ օրերս կսկսեն Հայաստանն Արցախին կապող ճանապարհի Կոռնիձորի՝ շուրջ 12 կիլոմետրանոց հատվածի հիմնական ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման ավարտը կախված է եղանակային պայմաններից։

«Վերջնաժամկետը սահմանափակված է ամբողջ ծավալով ապրիլի 30-ը, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապրիլի 30-ին պետք է ամբողջությամբ ավարտենք, իսկ եթե չէ, հնարավոր է մի ամիս երկարացնենք», - ասաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենը։

Նոր ճանապարհի կառուցում
Նոր ճանապարհի կառուցում

Արցախը Հայաստանին կապող փակ միջանցքի ֆոնին Կոռնիձորում ակտիվ շինաշխատանքների հետ ծագած ոգևորվածությունն աստիճանաբար մարում է։ Ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ապրող գյուղացիները խաղաղության ակնկալիքներ գրեթե չունեն։

«Հի-աս-թափ-վա՜ծ, հիասթափված… տեղ տվեք, գնանք։ Հեն ա եկար, դարպասի վրա իր ձեռքով գրված՝ «վաճառվում է»։ Ես ստեղից գնացող չեմ է, խոսք դրա մասին չի։ Բայց ես ասում եմ՝ փրկեցաք էս գյուղը, գյուղը փրկեցաք», - ասաց Կոռնիձորի բնակիչ Վաղինակ Արզումանյանը։

Օրեր առաջ Կոռնիձորից Տեղ գյուղ ճանապարհի շինաշխատանքներին հետևելու համար մարզում էր Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ նախարարության՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից, իսկ ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG