Մատչելիության հղումներ

Հայաստանում գործատուն ու գործ փնտրողները շատ հաճախ իրար չեն գտնում


Հրանտ Դանդուրով
Հրանտ Դանդուրով

Աշխատանք չունեցողները պայմաններից են դժգոհ, աշխատատեղ առաջարկողները, թե՝ որակով մասնագետ չկա։

«Ամենամեծ խնդիրը Հայաստանում մասնագետներն են», - ասում է Դիլիջանում ծրագրեր իրականացնող կազմակերպության տնօրեն Հրանտ Դանդուրովը։

«Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ՓԲԸ քաղաքային տարածքների տնօրեն Հրանտ Դանդուրով

Նրա խոսքով, հատկապես սպասարկման ոլորտում աշխատատեղեր են ունենում անհամեմատ բարձր աշխատավարձով, բայց աշխատող չեն գտնում։ Երբեմն նույնիսկ մասնագիտական հմտություններ պետք չեն լինում. - «Չեն գալիս։ Խնդիրը հենց դրանում ա, որ ցանկացողները քիչ են։ Կամ փորձում են գտնել ավելի թեթև, հեշտ... Երիտասարդ, ուժեղ տղաներ գալիս են, ասում են ուզում ենք օֆիսում նստենք աշխատենք։ Ասում եմ՝ ի՞նչ գիտելիք, ի՞նչ փորձ ունես։ Ոչինչ»։

Կազմակերպության տնօրենի պաշտոնին հասած Դանդուրովը հակադարձում է պատճառաբանություններին, թե առաջարկվող աշխատավարձը հաճախ ցածր է։ Նշում է, որ երիտասարդ տղայի 6 աշխատատեղ ունեն՝ 150 հազար դրամով. - «Ես օրինակ կերազեի քսան-քսանհինգ տարեկանում երեք հարյուր դոլարից ավել ա ստացվում, ես էդքան չէի ստանում»։

Դեռ երիտասարդ տարիքում մեծ ձեռքբերումների հասած դիլիջանցի Զեփյուռ Սիրադեղյանի խոսքով, երիտասարդները դպրոցն ավարտելուց հետո հաճախ իրենց չսիրած մասնագիտությունն են ընտրում, չնախընտրած բուհի դիպլոմ ստանում, քանի որ ծնողները կամ ուսուցիչներն են այդպես ցանկանում. - «Ես էդ խնդրին բախվել եմ իմ տարիներին, որ քո դասղեկն ա էղել, մոտը գնա պարապի, ինքը որ ասում ա, ուրեմն գիտի էդ մասնագիտությունը։ Ծնողները իրենք են փորձում չլարել հարաբերությունները մանկավարժի, ուսուցչի հետ»։

Խնդիրը մեծ է նաև Լոռու Ալավերդի քաղաքում, որտեղ տասնամյակներ շարունակ պղնձաձուլարանն ու կարի ֆաբրիկան են հազարավոր աշխատատեղեր ապահովել։ Դրանց փակվելուց հետո նոր մասնագիտություններ սովորելուն, այլ աշխատանք անելուն մարդիկ պատրաստ չեն, ասում է ալավերդիում գործող «Հեբա» ՀԿ ղեկավար Մարիաննա Պեպանյանը։ Իրենք էլ հաճախ աշխատողի կարիք են ունենում, բայց պատի են բախվում. - «Երբ մենք առաջարկում ենք գալ, կամավորություն անել, ինչը կտա երիտասարդներին փորձ, թիմում աշխատելու կարողություն, գիտելիքներ, պրակտիկա, որ ամենակարևորն է, և երիտասարդները հրաժարվում են։ Սակայն վստահ, որ, օրինակ, անփորձ հոգեբանի մոտ որևէ մարդ չի վճարի և չի գնա խորհրդատվության»։

Ալավերդցի Զառա Խաչիկյանը մանկավարժ-հոգեբանի դիպլոմն ստանալուց հետո որոշ ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել։ Ասում է՝ չի հաշտվել անաշխատանք կյանքին։ Այլ՝ տուրիզմի ոլորտում է ուժերը փորձել։ Ընդ որում չի հրաժարվել նաև կամավոր աշխատանքից։ Այսօր արդեն նաև իր մասնագիտությամբ բարձր վարձատրվող աշխատանք ունի. - «Սկզբանական փուլում որպես կամավոր էի աշխատում, իրականացնում էի մշակութային էքսկուրսիաներ և արշավներ։ Ու արդեն կամավորական աշխատանքների ընթացքում ձեռք բերեցի հարուստ փորձ, ինչը ինձ հնարավորություն տվեց արդեն աշխատել որպես էքսկուրսավար, ինչը հնարավորություն տվեց և' գումար աշխատել, և' զբաղվել սիրած աշխատանքով»։

Գերմանացի Ռիկարդո Բերգմանը ևս Հայաստանում կարողացել է գործ ունենալ։ Սկզբում սրճարանում է աշխատել, հետո իր սեփական բիզնեսը սկսել։ Հիմա նաև ծրագրավորման գործ է անում. - «Բողոքում են, որ գործ չկա, աշխատանք չկա, բայց ինձ թվում ա, որ Հայաստանում հիմա լիքը գործ կա։ Միայն սպասում են, որ ինչ-որ մեկը կզանգի, որ ասի՝ ես գործ քո համար ունեմ»։

Բոլոր գործատուները միաբերան ասում են՝ այս խնդիրները լուծելու համար Հայաստանում կրթական բարեփոխումներ են պետք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG