Հայաստանի ու Եգիպտոսի արտգործնախարարներն այսօր Կահիրեում հանդիպմանն ընդգծել են տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավվածության կարևորությունը:
Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական նիստին մասնակցելու համար Եգիպտոսում գտնվող Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին քննարկել են ինչպես միջազգային, այնպես տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, փոխանցում են ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը, հիշեցրել, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։
Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը, ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։