Մատչելիության հղումներ

Մանկական գեղագիտության ազգային կենտրոնում ամփոփվեց Համահայկական նկարչական մրցույթ-փառատոնը


Հենրիկ Իգիթյանի անվան մանկական գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահներում բացված ծավալուն ցուցահանդեսով ամփոփվեց Համահայկական նկարչական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան 3000 պատանիներ աշխարհի ամենատարբեր երկրներից։

«Ազատության» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեց, որ ցուցասրահներում ներկայացված են ընտրված լավագույն 157 աշխատանքները. - «Թեման որոշեցինք շարունակել «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով սկսած ցուցահանդեսի թեման, որը անցյալ տարի իրականացրեցինք մեր կենտրոնի շրջանակում, հիմա ավելի մասշտաբային տարբերակով։ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, Լիբանանից լիքը մասնակիցներ ունենք, ինչը շատ տպավորիչ է և շատ հուզիչ, որ կապը հայրենիքի հետ պահպանվում է։ Կրթական բաղադրիչ ենք ներմուծել մրցույթ-փառատոնին. երեխաները բոլոր երկրներից օնլայն հանդիպումներ են ունեցել Էրեբունի արգելոց-թանգարանի մասնագետների հետ, վիրտուալ տուր են ունեցել, ծանոթացել են թանգարանի ցուցադրությանը։ Եվ հետո նոր էդ գիտելիքի հիման վրա ստեղծագործել են»։

Հարցին, թե ինչ է տալիս նման նախաձեռնությունը, Բադալյանը պատասխանեց. - «Մի շարք բաներ, իմ կարծիքով։ Նախ, առաջին հերթին երեխաները խորությամբ ծանոթանում են մեր պատմությանը, մեր արմատներին։ Ես վստահ եմ, որ այն գիտելիքները, որ ձեռք են բերել էս շրջանում, երբեք չեն մոռանա, որովհետև լավ կարողացել են, այսպես ասած, մարսել։ Երկրորդը դա գեղարվեստական-գեղագիտական կողմն է, որ իրենց երևակայությունը, իրենց հնարավորություններն են կարողանում ներկայացնել, ազատ են, որևէ թելադրանք չունեն ստեղծագործելու ընթացքում։ Նաև էսպիսի ցուցադրությունների ժամանակ արդեն կարող են որոշակի համեմատական պատկեր ունենալ ու հասկանալ, թե մոտավորապես իրենք ինչ ուղղությամբ են ստեղծագործում, արդյունքը ինչքանով է հետաքրքիր, զարգացման նաև տեղ է տալիս»։

Համահայկական մանկապատանեկան գեղանկարչական մրցույթ- փառատոնը հետագայում ևս նվիրված կլինի հայկական պատմամաշկութային ժառանգությանը։ Ինչպես նշում էր Վահան Բադալյանը, արդեն համագործակցության հուշագիր են կնքել Պատմության թանգարանի հետ, բայց այս տարվա մրցույթը թեմատիկ առումով այլ բնույթ ունենալու. - «Այս տարվա թեման նվիրված է լինելու հայկական անիմացիայի 85-ամյակին։ Էլի կրթական բաղադրիչ ենք ունենալու, ուզում ենք, որ մեր բոլոր երեխաները ծանոթանան մեր այդ ժառանգությանը, տեսնեն 70-ականներին, 60-ականներին ստեղծված մեր լավագույն մուլտֆիլմերը։ Որովհետև, ցավոք սրտի, մեր նոր սերունդը ընդհանրապես պատկերացում նույնիսկ չունի այդ ժառանգության մասին։ Եվ դրանց հիման վրա իրենք ստեղծագործելու են։ Որոշել ենք, որ այս տարի, նայելով մուլֆիլմերը, դրանց պաստառներ ստեղծել, որոնք երբևէ պաստառներ չեն ունեցել։ Պաստառներ ստեղծելու մասին վարպետության դասեր պիտի լինեն, անիմացիայի պատմության մասին են դասեր լինելու։ Այսինքն՝ այն, ինչ որ անում ենք, պարտադիր ուզում ենք, որ կրթական բաղադրիչ ունենա»։

Հավելենք նաև, որ Գեղագիտության ազգային կենտրոնում բացված մանկապատանեկան այս ցուցահանդեսը շատ տպավորիչ է։ Ակամայից մեկ անգամ ևս համոզվում ես, որ շնորահալի, անգամ տաղանդաշատ երեխաների ու պատանիների թիվը տարեցտարի մեծանում է, և դա մեծ լավատեսություն է ներշնչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG