Մատչելիության հղումներ

Գյումրին սկսել է գրավել օտարերկրացի ուսանողներին


Գանացի 23-ամյա Էվանս Սարփոնգը 3 տարի Երևանում սովորելուց հետո այս տարի Գյումրի է տեղափոխվել՝ շարունակելու բժշկական կրթությունը։ Մանկաբույժ է դառնալու, ասում է՝ ավարտելուց հետո կվերադառնա հայրենիք:

«Ես ուզում եմ {մնալ}, բայց մեզ մոտ բժիշկի կարիք կա, պիտի գնամ, բայց էլի կգամ», - ասում է նա:

Եթե երևանյան բուհերում վաղուց կարելի էր տեսնել օտարերկրացի ուսանողների, ապա Գյումրին միայն վերջերս է սկսել գրավել նրանց։ Տեղի «Պրոգրես» համալսարանը գրանցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես բժշկական կրթություն ապահովող հաստատություն և «World directory of medical schools» միջազգային կազմակերպության հետ համագործակցելով հարյուրավոր ուսանողների հրավիրել Գյումրի։ Այս պահին տասը երկրից 120 ուսանող է սովորում, մեծ մասը՝ Հնդկաստանից։ Բուհի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանն ասում է՝ ուսանողների թիվը կարող է մինչև 1200-ի հասնել. «Մոտ 200 տեղ տարեկան ընդունելով՝ մինչև 6 կուրս լրանալով մենք կունենանք մոտ 1200 ուսանողներ Գյումրիում»:

Ինչպե՞ս են օտարերկրացիներն իմանում, որ Գյումրիում ևս կարող են բժշկական կրթություն ստանալ, նա ասում է. «Ունենք պայմանագրեր մեր հնդիկ և աֆրիկական երկրների գործակալների հետ, պայմանագրով աշխատում ենք նրանց հետ»:

Ուսանողները առայժմ հյուրանոցներում կամ վարձակալած բնակարաններում են ապրում։ Էվանս Սարփոնգի համար ավելի հեշտ է, քան մյուսների, քանի որ հայերեն քիչ թե շատ խոսում է. «Ես համալսարանում և Յութուբով եմ սովորել, մեկ էլ համալսարանում շատ հայ ընկերներ ունեմ, հայերի հետ խոսում եմ: Դժվար էր սովորելը, բայց քիչ-քիչ սովորել եմ»:

Սալիմը Հնդկաստանից է։ Ապագա սրտաբանը 2 ամիս առաջ է տեղափոխվել Գյումրի ու փորձում է հարմարվել։ Ասում է՝ չի փոշմանել, միակ դժվարությունն առայժմ հայերենի չիմացությունն է. «Առօրյա գնումների ժամանակ ժեստերով եմ ցույց տալիս, որոշ բառերով կարողանում եմ հասկացնել, թե ինչ է պետք», - նշում է նա:

Մումբայից Գյումրի եկած Աֆիյան 4 ամսում մի քանի հայերեն բառ սովորել է, ասում է՝ հայերենը դժվար լեզու է։ Բայց իրեն այստեղ լավ է զգում ու գիտի, որ Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները վերջերս ավելի են ամրապնդվել։ Իսկ ինչո՞ւ է նախընտրել Հայաստանում կրթություն ստանալ, նշում է. «Հնդկաստանում շատ թանկ է ուսուցումը, մարդիկ շատ են, տեղերը՝ քիչ, դրա համար քիչ ուսանողներ են կարողանում այնտեղ սովորել»։

Ի դեպ, ծրագրի շրջանակներում ցանկության դեպքում օտարերկրացի ուսանողները մասնագիտական առարկաներից բացի, նաև հայերեն ու հայոց պատմություն կարող են սովորել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG