Մատչելիության հղումներ

Ստանիսլավսկու անվան թատրոնը պրեմիերա ու անակնկալ է պատրաստում


Այս տարի լրանում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 85-ամյակը։ Թատրոնը մշտապես հանդես է եկել ամենատարբեր նախագծերով և տարեցտարի թարմացվող հարուստ խաղացանկով թե մեծահասակների, թե մանկահասակների համար։ Ամեն տարի թատերախումբը տարբեր միջազգային թատերական փառատոների է մասնակցում և մշտապես վերադառնում մրցանակներով։

Այս տարի ևս բավականին հագեցած ծրագիր են նախատեսել հանդիսատեսի համար, այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում ասաց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը. - «Մարտի 25-26 արդեն նշանակված է առաջնախաղ: Դա Օստրովսկու 200-ամյակին նվիրված «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումն է, բեմադրում է մեր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը: Դրանից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 2-ին և 3-ին, մենք խաղում ենք լրիվ այլ ներկայացում՝ կոմեդիա, դերասանուհի և բեմադրիչ Իրա Հարությունյանի բեմադրությամբ, այնտեղ մեր հանդիսատեսին սպասում է անակնկալ, որովհետև գլխավոր դերերից մեկը խաղալու է Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն: Թատրոնի համար դա նոր փորձ է, նոր տարբերակ է, նոր ձևաչափ է, և կարծում եմ, որ այդ փորձը մեզ մոտ կստացվի և հետաքրքիր կլինի մեր հանդիսատեսի համար»:

Այդ պրեմիերաներից հետո թատերախումբը ապրիլին կմեկնի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Հանդիպումներ Ռուսաստանում» հանրահայտ թատերական փառատոնին, որտեղ ևս կներկայացնեն «Բալզամինովի ամուսնությունը» բեմադրությունը, քանի որ այս տարի այդ փառատոնը նվիրված է Օստրովսկու ծննդյան 200-ամյակին։

Իսկ Երևանում նույն ամսին ևս մեկ պրեմիերա է նախատեսված:

«Անցախ տարի մեր երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը սկսեց մի ներկայացում, բայց ավաղ նա չկարողացավ դա ավարտին հասցնել, չավարտեց ներկայացումը: Ես կարծում եմ՝ այդ ներկայացումը, բնականաբար, կնվիրվի իր հիշատակին, և այդ ներկայացումը շարունակում է Սուրեն Շահվերդյանը», - մանրամասնեց Մարիաննա Մխիթարյանը:

Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» պիեսի և համանուն ֆիլմի հիման վրա ստեղծված նույն խորագրով ներկայացումը, որին հետո կհաջորդեն նոր առաջնախաղեր, որոնց թվում և մանկական՝ «Մկների ժողովը» մյուզիքլը, հետո թատերախումբը կմասնակցի հանրահայտ չեխովյան փառատոնին Մոսկվայում, հետո կմասնակցեն նաև Պլատոնյան փառատոնին և այլ փառատոների ռուսական տարբեր քաղաքներում։

«Մենք մինչև հունիսի վերջ ունենք այդ տեսակ խիտ ծրագիր», - ընդգծեցդ Մարիաննա Մխիթարյանը:

«Ազատության» հարցին, թե Հայաստան ռուսների, ուկրաինացիների գալով պայմանավորված՝ արդյոք ավելացել է հանդիսատեսի թիվը, պատասխանեց. «Այո, շատ օտարազգի ներկայացուցիչներ եկան Հայաստան և գալիս են, որոշ մասն արդեն մեկնեց: Մյուս հարցը, որ իրենք ապրում են իրենց սփյուռքով, իրենք ստեղծեցին իրենց սփյուռքը, իրենք ունեն իրենց night club-եր, ներկայացումներ, ցուցահանդեսներ, լեկցիաներ: Իհարկե, գալիս են թատրոն, և նույնպես հետաքրքիր է, թե ինչպես են դիտում մեր ներկայացումները: Դա որոշ նյուանսների, ակցենտների փոփոխություն է մտցնում ներկայացման մեջ, բայց ես միշտ ասել եմ, ասում եմ և կասեմ, որ առաջնայինը մեզ համար, մեր թատրոնի համար մեր հանդիսատեսն է, որովհետև մենք աշխատում ենք մեր ժողովրդի, մեր հանդիսատեսի համար»:

Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ թատրոնի զարգացման համար ամեն ինչն էլ կարևոր է. «Բայց հիմա ոչ միայն թատրոնի կամ իմ համար, մեր ազգի համար, մեր ժողովրդի համար ամենակարևորը, որ լինի խաղաղություն, մնացածը կլինի: Իհարկե, թատրոնը, որ ստեղծվեց 85 տարի առաջ, ունի իր ուրույն տեղը մեր թատրոնների մեջ, և հիմա իրոք Երևանում կյանքը շատ բազմերանգ է, ինձ թվում է՝ ոչ միայն երկրները, նաև մեծ քաղաքները կարող են հպարտանալ, որ մի քաղաքում միաժամանակ անցկացվում են տարբեր ֆանտաստիկ, հետաքրքիր միջոցառումներ՝ թե համերգներ ջազային, դասական, բալետներ, օպերաներ, ստենդափներ, ներկայացումներ, տարբեր ժանրերի: Հիմա մեր երկրում արվեստը, ես կարծում եմ, շատ հետաքրքիր և ուրույն տեղ ունի, և մենք պիտի դրանով էլ ավելի ուժեղանանք, էլ ավելի իմաստուն և ուժեղ լինենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG