Մատչելիության հղումներ

Զինվորական հանցագործությունները նվազել են, ընդհանուր բնույթինը՝ աճել. դատախազություն


2022 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք, նախորդ տարվա համեմատ՝ դեպքերը նվազել են 1625-ով, հայտնում է գլխավոր դատախազությունը։ Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում՝ 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են 74-ով:

Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք: Այս տվյալները դատախազությունում քննարկմանը ներկայացրել է զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը։

«Սա է Զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ՝ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Այս համատեքստում շատ կարևոր է, որ մեր համագործակցությունը բերի նրան, որ կարողանանք կանխարգելիչ քայլեր կատարել և ոչ թե արդեն տեղի ունեցածին տանք քրեաիրավական գնահատական: Սպայի պատիվն առաջին հերթին կարգապահ լինելն է: Այս ճանապարհին պետք է բոլոր տեսակի հանցագործությունների, դրանց նախնական դրսևորումների նկատմամբ լինենք խիստ անհանդուրժող, բայց, միևնույն ժամանակ, օգնենք ամեն կերպ, որ մեր գործընկերներն իրենց պարտականությունների մեջ չթերանան, ու մենք չունենանք այն ցավալի դեպքերը, որոնք արձանագրվել են», - ընդգծել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG