Մատչելիության հղումներ

«Բանակն անմխիթար վիճակում է, կառավարությունը դատախազների աշխատավարձն է կրկնապատկում». քաղաքացիներ 


Կառավարությունն առաջարկում է կրկնակի բարձրացնել դատախազների աշխատավարձը:

«Էդ գումարներով կարան զենք գնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, մյուսը՝ հավելեց. «Էսօր մեր բանակը անմխիթար վիճակում է: Էնպես որ, առաջնահերթությունը, իհարկե պաշտպանությունն է»:

Այս քաղաքացիները կասկած չունեն՝ կառավարության օրակարգում առաջնայինը բանակն ու սահմանը պետք է լինեն, բայց կառավարությունն առաջարկում է կրկնակի բարձրացնել գլխավոր ու մյուս դատախազների աշխատավարձը։ Խորհրդարանը քննարկում էր այս նախագիծը։

«Զենքն է օգուտ, ոչ թե ինձ, քեզ, նրան: Քի՞չ եք աշխատավարձ ստանում», - հարցնում է մեկ այլ քաղաքացի:

Դատախազների աշխատավարձը բարձրացնելով հնարավոր է զսպել արտաքին ճնշումների հավանականությունը, որ դատախազը կողմնակալ որոշում չկայացնի, հիմնավորեց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, օրինակ՝ կաշառք չվերցնի։

«Արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, որը պայմանավորված է վարույթի ընթացքում դատախազի անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքը», - ասաց նա:

«Ազատությանը» հանդիպած քաղաքացիներից ոչ բոլորն են հավատում, որ աշխատավարձի բարձրացումը, նույնիսկ կրկնակի, կզսպի որևէ պաշտոնյայի ախորժակը, եթե նա կաշառքի հակում ունի։ Այս փոփոխությամբ իշխանությունն իր դիրքերն է ամրապնդում՝ ըստ «Ազատության» զրուցակիցների. «Իրենց իշխանության ապահովումն է, իրենց աթոռի կռիվն է, որ պահում են իրենց աթոռը, ուրիշ ոչ մի բան չկա: 18 թվականին, երբ որ եկավ Նիկոլ Փաշինյանը ղեկավարության, ի՞նչ էր ասում: Ասում էր՝ բոլորովին, ես չունևոր խավի կողմն եմ, բայց հիմա՞, ո՞ւր է չունևոր խավը, ի՞նչ կարգավիճակում է»:

Գեղամ Ավետիսյանը դեմ չէ, որ դատախազները բարձր աշխատավարձ ստանան, միայն թե արդար որոշումներ կայացնեն։ Բայց մեկուկես միլիոն ստանալով՝ գայթակղություններին, ճնշումներին հնարավո՞ր է դիմադրել, նա դժվարանում է հստակ պատասխանել. «Շահագրգռում են մարդկանց, ոչ թե դատավորներին, բոլորին, որ մի գողացեք, մի թալանեք, դա մեզ կործանում է»:

Արդարադատության փոխնախարարը հիմնավորում էր, թե շռայլ բարեփոխումը պայմանավորված է նաև դատախազների ծանրաբեռնվածությամբ։ Այս հիմնավորումը նույնիսկ համոզիչ չէր իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար՝ եթե հաստիքները չեն ավելանում, ինչպե՞ս է թեթևանում բեռը։

«Չեմ կարծում, որ եթե օրինակ՝ դատախազության աշխատակիցը ստանում է 300 հազար, հիմա ստանալու է 500 հազար, դրանից գործերի ծանրաբեռնվածությունը նվազելու է», - ասաց նա:

«Որևէ գումարի բարձրացման, որևէ չափի գումարի բարձրացմամբ, իհարկե, գերծանրաբեռնվածությունը չի նվազի, բայց գերծանրաբեռնված վիճակում աշխատանքը մարդկանց ավելի գրավիչ կդառնա, ոչ հակառակը», - արձագանքեց գործադիրի ներկայացուցիչը:

Այս փոփոխությամբ գլխավոր դատախազի աշխատավարձը անցնելու է հանրապետության նախագահի ու վարչապետի աշխատավարձից, առնվազն երկուսուկես միլիոնի է հասնելու, իսկ դատախազների աշխատավարձը լինելու է ավելի բարձր, քան նախարարներինը՝ մեկ միլիոնից ավելի, պարզաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Այս բարձրացումները հիմնականում ուղղված են ուժային կառույցներին, կարող ենք փաստել, որ սրանից ավելի լավ ապացույց, քան դատախազապետություն ստեղծելու ուղղակի չկա»:

«Է հա, մի ճնշեք, ո՞վ է ճնշում, նեղ քաղաքական նպատակադրմամբ ուղղակի ծառայության դիմաց կամ ավելի լավ ծառայելու ակնկալիքով էապես թռիչքային՝ 92 տոկոսով բարձրացնում եք դատախազի աշխատավարձը», - նշեց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց իշխող խմբակցության ձայներով։ «Հայաստան» դաշինքը ձեռնպահ քվեարկեց, «Պատիվ ունեմ»-ը՝ դեմ։ Եթե նախագիծը երկորդ ընթերցմամբ էլ ընդունվի, մեկ ամսից գլխավոր ու շարքային դատախազները գրեթե կրկնակի կվարձատրվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG