Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողի ընտանիքը մինչ այսօր որդու մահվան մանրամասների պատասխանները չունի


Արթուր Սարգսյան, զոհված զինծառայող Աբրահամ Սարգսյանի հայրը
Արթուր Սարգսյան, զոհված զինծառայող Աբրահամ Սարգսյանի հայրը

Սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայող Աբրահամ Սարգսյանի ընտանիքում ամիսներ շարունակ սպասում են, թե երբ են ի վերջո իրավապահներին նույնպես հետաքրքելու այն հարցեր, որ տանջում են իրենց։

«Արդեն չորս-հինգ ամիս անցել ա, ոչ մի քայլ ես չեմ տեսնում իրանց կողմից։ Ֆռռցնում են հոլի պես ընձի », - ասում է Աբրահամի հայրը՝ Արթուր Գրիգորյանը։ - «Վիրավոր ոտով էրեխուն կարային կյանքը փրկեին։ Շատ հանգիստ կարային փրկեին էդ էրեխու կյանքը։ Բայց էսօր չեն փրկել... թողել են ու փախել են իրանք... Ու չկա պատասխան տվող»։

Աբրահամը մարտերի ժամանակ Ջերմուկի դիրքերում է եղել, վիրավորվել է երկու անգամ՝ դեմքի մի հատվածի այրվածք է ստացել ու ոտքի բեկորային վիրավորում։ Հայրը հետո որդու մարմինը զննել է արդեն դիահերձարանում, երբ Ադրբեջանը մարտերից 45 օր անց հայկական կողմին փոխանցեց նաև 19-ամյա զինծառայողի դին. - «Իրա մարմնի վրա մի հատ ասեղի ծակած տեղ չի էղել։ Մի հատ էղել ա ոտի կոճիկի մոտից բեկորային վիրավորումը։ Իմ աչքով տեսել եմ»։

Ինչո՞ւ Արթուրի որդին մնաց Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում, ինչո՞ւ զինակիցները նրան թողեցին Ջերմուկից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա։ Ընտանիքն այս հարցերի պատասխանն է որոնում։ Որդու վիրավորվելու լուրն ստանալու հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին հայրը Ջերմուկ է ճանապարհվել։ Քաղաքի մուտքը փակ, ինքը ոտքով զորամաս է հասել, այնտեղ էլ դիմավորել որդու փրկված ծառայակիցներին. - «Տղեքրն իջան, ասի՝ ո՞ւր ա Աբրահամս։ Ասին՝ հեսա բերում են էրեխուն։ Հեսա բերում են, հեսա բերում են... Ասի՝ ո՞վ ա բերելու, ասին՝ մարդ ա գնացել հետևից... Ու քառասունհինգ օր հետո նոր իմ էրեխուն բերեցին... մարմինը»։

Հինգ պայմանագրայիններն ու երեք ժամկետայինները, ըստ Արթուր Գրիգորյանի, անվնաս են եղել, հաջորդ օրվանից դարձյալ դիրքեր գնացել։ Վստահ է, որ իր ընդամենը 45 կիլոգրամ կշռող որդուն կարող էին տեղ հասցնել. - «Սարից իջնելուց իմ էրեխեն իրա ուժով իջել ա... գլորվելով ա իջել, քրքաշ ա իջել... պատմել են իրա հետ ծառայող տղերքը։ Իրանք գիշերով սկսել են փախնելը, էրեխեն թե ինչքան ա էկել, ուր ա էկել, ուրդե ա մնացել...»

Ենթադրում է, որ վիրավոր որդուն ադրբեջանցիներն են գտել ու ավելի ուշ սպանել։ Եթե նրան օգնեին՝ անընդհատ կրկնում է հայրը. - «Էսօր լիքը զինվորներ կան, Աստված իրանց երկար կյանք տա, որ ոտքերը չկա, ձեռքերը չկա... բայց մարդիկ ապրում են...»

Արթուրն ասում է, որ պարբերաբար զանգում է որդու զինակիցներին, հարցնում՝ ձեզ դեռ չեն հարցաքննել, ոչ լսում է... Բազմիցս Քննչական կոմիտե ու դատախազություն է գնացել, պնդում է՝ ոչ մի տեղաշարժ. - «Ամեն ձևի ինձ հարցաքննել են, էրկու անգամ»։

Դատախազությունից տեղեկացանք, որ սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի քրեական գործով մեծածավալ քննչական և վարույթային այլ գործողություններ են կատարվում: Այս գործի շրջանակում քննության առարկա է նաև զինծառայող Աբրահամ Սարգսյանի ենթադրյալ վիրավորման և վերջինիս մարտադաշտում թողնելու հանգամանքը: Դեպքից 5 ամիս անց այլ մանրամասներ չկան։

«Միգուցե նենց պատճառ կբերենք, որ մենք իրանց կհասկանանք։ Բայց ճիշտն ասեն», - ասում է Աբրահամի մայրը։

Որդեկորույս կինը հարցնում է՝ մի՞թե կարելի է առաջնագիծ վստահել այն պայմանագրային զինծառայողներին, որ հասուն տղամարդիկ էին, բայց իր 19-ամյա որդուն ձորում թողեցին. - «Նույն հաջողությամբ իրանք հիմա դիրքերն են, պոստերն են պահում, իմ տղուց բացի, էլի եթե պատերազմ էլավ, էն մյուս զինվորին կթողեն պատերազմի դաշտում, էն մյուսին, էն մյուսին...»

Ընտանիքում հիշում են որդու հետ վերջին զրույցը՝ հետո իմացան, որ արդեն վիրավոր է եղել, բայց հավատացրել է՝ թե մարտերը ուրիշ, հեռու մի տեղ են ծավալվում...

XS
SM
MD
LG