Մատչելիության հղումներ

Արցախի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն այսօրվանից վերաբացվել են 


Արցախի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն այսօրվանից բացվել են։ Ադրբեջանական շրջափակումից օրեր անց մոտ 7000 փոքրիկ զրկվեց մանկապարտեզից, սնունդ ու ջեռուցում չկար։

«Քանի որ գազամատակարարումը մասնակի վերականգնված է, մենք կարող ենք ջեռուցման համակարգը միացնել գազով ջեռուցվող դպրոցներում և մանկապարտեզներում։ Եվ այսօրվանից արդեն սկսել ենք», - «Ազատությանն» ասաց Արցախի Կրթության և գիտության նախարար Հասմիկ Մինասյանը։

Այնպես չէ, որ խնդիրներն ամբողջությամբ լուծվել են, հավելեց նա։ Որոշակի քանակով սնունդ է կուտակվել ու հնարավոր է դարձել մանկապարտեզների հարցը լուծել. - «Էդ հարցը շատ սուր էր կանգնած, և կառավարությունը զոռով հասցնում էր սնունդ տեղափոխել ինչ-որ կերպ Արցախի Հանրապետություն, և ուղղակի բնակչության պահանջարկն էր հազիվ բավարարվում»։

20 հազար աշակերտ դեկտեմբերի վերջից զրկվել էր լիարժեք կրթության հնարավորությունից։ Դասերն ընդհատվել են հինգ անգամ, ձմեռային արձակուրդներից հետո դպրոցները բաց էին միայն ավարտական դասարանների համար։ Այս դպրոցներն էլ ջեռուցվում էին փայտե վառարաններով։

«Անընդհատ անջատելով-միացնելով, մասնակի գազամատակարարումը ապահովելով՝ մենք հինգ անգամ ընդհատել ենք մեր ուսումնական հաստատությունների դասագործընթացը», - նշեց նախարարը։

Նրա խոսքով, որոշ դպրոցներ մի քանի հերթով կաշխատեն, 5 րոպեով դասերը կկրճատեն, մինչև օրերը տաքանան ու ջեռուցման կարիք չլինի. - «Նորից գազամատակարարման խափանման դեպքում մենք մշակել ենք այսպիսի գրաֆիկ, երբ որոշ դպրոցների երեխաներին կտեղափոխենք այլ դպրոց՝ փայտով ջեռուցվող։ Նաև երեք հերթով կաշխատեն ևայլն։ Այսինքն՝ ունենք էդ նախագծված սկզբունքները»։

Արցախի հիվանդանոցներում դեռևս սուղ է դեղորայքի պաշարը։ Պլանային վիրահատություններն անհնար են։ Վիրահատության է սպասում 710 մարդ։

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց հիվանդից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վերակենդանացման բաժանմունքում երեխաներ էլ կան։

Առողջական խնդիրներ ունեցող ութ մարդ Արցախից երեկ կարողացել է Երևան տեղափոխվել Կարմիր խաչի միջոնդրությամբ։

Բազմաթիվ ընտանիքներ դեռ բաժանված են։ Դարձյալ Կարմիր խաչի աջակցությամբ Հայաստանում գտնվող 19 մարդ տեղափոխվել է Արցախ միացել իր ընտանիքին։ 24-ն էլ Արցախից Հայաստան են տեղափոխվել։

290 տոննա մարդասիրական բեռ, որ նախատեսված էր դեկտեմբերին Արցախ ուղարկել, դեռ տեղ չի հասել՝ ամանորյա նվերներ, դեղորայք , սնունդ։ «Հայաստան» համահայկան հիմնադրամի բեռից էլ դեռ 40 տոննան Գորիսի պահեստում է։ Անցած շաբաթ հնարավոր եղավ ռուս խաղաղապահների միջոցով 60 տոննան տեղ հասցնել։

XS
SM
MD
LG