Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանն այսօր կհրապարակի Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց դեմ գործերով որոշումները


Այսօր Երևանի ժամանակով ժամը 19-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, ավելի ուշ էլ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։ Ադրբեջանն իր հերթին պահանջում է Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Միջազգային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներն անցկացվեցին հունվարի վերջին։ Նախ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ վտանգի առջև են կանգնել Արցախի հայերը և եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։

Հումանիտար աղետի ողջ ծավալը ներկայացնելով՝ Կիրակոսյանն ընդգծել էր՝ շրջափակումը, գազի և հոսանքի մատակարարման խափանումներն արվում են հատուկ՝ ահաբեկելու Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ որ այս դատարանը նրանց վերջին հույսն է։

Չկանխագուշակելով՝ ինչ որոշում կկայացնի այսօր բարձր դատարանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը լավատեսորեն է տրամադրված։ Միևնույն ժամանակ ընդգծում է՝ օրենսդրական կարգավորումը չի ենթադրում դրա միանգամից կատարում։ Ըստ մասնագետի՝ հօգուտ Հայաստանի որոշման դեպքում անգամ պետք չէ ակնկալել, որ հրատապ լուծումներ կհաջորդեն ու Լաչինի ճանապարհը միանգամից կբացվի։

«Պետք չէ մտածել, որ եթե որոշումից 10 րոպե անց ճանապարհը չբացվեց, ուրեմն անիմաստ էր որոշումը: Ոչ, շատ հնարավոր է ու շատ հավանական է, որ անմիջապես առնվազն ամբողջությամբ չկատարվի որոշումը, բայց մենք պետք է հասկանանք, որ դա իր հերթին տալիս է որոշակի լծակներ, հիմնավորում, որ որևէ պարագայում չի կարող Արցախի ժողովուրդը ապրել Ադրբեջանի կազմում և դա ինչպես իրավական փաստարկ է, այնպես էլ դիվանագիտական՝ թե՛ որոշումը, թե՛ դրա չկատարումը», - նշեց Խզմալյանը:

Դիվանագիտական շրջանակում որոշումը կտա մեծ լծակներ և հնարավոր կլինի օգտագործել իրավական այլ գործընթացներում, կարծում է միջազգային փորձագետը. - «Միգուցե այդ պատասխանատվությունը այսօր չի մարմնավորվի, նյութական տեսքի չի ստանա, բայց իրավական հարթությունում այն արդեն առաջանում է, ընդհուպ մինչև անձնական քրեական պատասխանատվության ռիսկեր կոնկրետ երկրի ղեկավարների պայմանով»:

Դեռ անցած տարեվեջին մեկ այլ միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Բայց Ադրբեջանը անտեսել է ոչ միայն Ստրասբուրգի դատարանի, այլ նաև այլ հեղինակային կառույցների, առանձին երկրների՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջը։

XS
SM
MD
LG