Մատչելիության հղումներ

Սալման Ռուշդիի վրա ԱՄՆ-ում հարձակված անձին Իրանը հողատարածք է նվիրում


Մեղադրյալ Հադի Մատարը դատարանում, Նյու Յորք, 14 օգոստոսի, 2022թ.
Մեղադրյալ Հադի Մատարը դատարանում, Նյու Յորք, 14 օգոստոսի, 2022թ.

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը 2022 թվականի օգոստոսին 75-ամյա անվանի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակում գործած 24-ամյա Հադի Մատարիին գյուղատնտեսական հողատարածք է նվիրում:

Այդ մասին հայտնել է հանգուցյալ այաթոլահ Ռուհոլլահ Խոմեյնիի արձակած ֆաթվաների (դատավճիռների) կատարման հիմնադրամի մամլո խոսնակ Մոհամմադ Զարեյը:

«Հողատարածքը կտրամադրվի խիզախ երիտասարդին կամ նրա իրավահաջորդին, նա երջանկացրել է մահմեդականներին, քանի որ կուրացրել է Ռուշդիի մեկ աչքը և զրկել է նրան մեկ ձեռքից, հիմա Ռուշդին ընդամենը կենդանի մեռած է»,- ասել է Զարեյը:

Մատարը Նյու Յորքում 2022 թվականի օգոստոսի 12-ին հանրային միջոցառման ընթացքում, երբ Ռուշդին պատրաստվել է ելույթի, հարձակվել և դանակահարել է նրան: Մատարին տեղում ձերբակալել են, իսկ Ռուշդիին ուղղաթիռով փոխադրել են հիվանդանոց:

Հարձակման հետևանքով Ռուշդիի մեկ աչքն այլևս չի տեսնում, իսկ մեկ ձեռքը կորցրել է շարժունակությունը:

24-ամյա Մատարը Միացյալ Նահանգների քաղաքացի է, նրա ծնողները ներգաղթել են Լիբանանից: Նրա մայրը դատապարտել է որդու արարքը և ասել է, թե ընտանիքը խզում է կապերը Հադիի հետ:

Մատարն իրեն մեղավոր չի ճանաչել, նա դատարանում ասել է, թե չի սիրում Ռուշդիին իսլամի հասցեին վիրավորական մեկնաբանությունների համար և շատ է զարմացել, տեղեկանալով, որ գրողը չի մահացել հարձակումից հետո:

Ֆաթվան, որով կոչ է արվել սպանել Ռուշդիին, 1989 թվականին արձակել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր նախագահ, գլխավոր այաթոլա և երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Խոմեյնին:

Ֆաթվայի պատճառ է դարձել դրանից այդ տարվա փետրվարին հրատարակված Ռուշդիի «Սատանայական բանաստեղծությունները» վեպը, որը մահմեդական աշխարհում ընդունել են որպես աստվածանարգություն և ծանր վիրավորանք Մոհամմեդ մարգարեի հացեին:

Հադի Մատարը խոստովանել է, որ այդ գրքից ընդամենը մի քանի էջ է կարդացել: Իրանը ժամանակին պաշտոնապես հայտարարել է, թե ոչ ի կատար է ածելու և ոչ էլ չեղարկելու է այդ ֆաթվան:

Ռուշդին ծնվել է Հնդկաստանում, մահմեդականների ընտանիքում: 14 տարեկանում կրթություն ստանալու համար տեղափոխվել է Բրիտանիա:

Նա վաստակել է մի քանի հեղինակավոր միջազգային մրցանակներ, առաջադրվել է Նոբելյան գրականության մրցանակի դափնեկիր, ունի ԱՄՆ-ի և Բրիտանիայի քաղաքացիություն: 2000 թվականից ապրում է ԱՄՆ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG