Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախկին նախագահը հրաժարվել է բժշկական օգնությունից. նրան կտեղափոխեն հոսփիսային խնամքի


ԱՄՆ նախկին նախագահ, 98-ամյա Ջիմի Քարթերը հրաժարվել է բժշկական օգնությունից և նախընտրել է մնացած օրերն անցկացնել ընտանիքի հետ՝ ստանալով միայն հոսփիսային խնամք, ասվում է Carter Center-ի հաղորդագրության մեջ։

Վերջերս Քարթերը մի քանի անգամ հոսպիտալացվել էր, սակայն այժմ որոշել է հրաժարվել հետագա բուժումից։ Հոսփիսային խնամքի դեպքում առաջնայինը հիվանդի կյանքի վերջին շրջանում նրա համար հարմարավետություն ապահովելն է։

Հաղորդման մեջ նշվում է, որ ընտանիքը և բժիշկները աջակցել են նրա որոշմանը։

Ջիմի Քարթերը վերջին տարիներին բուժվել է մի քանի հիվանդությունների, այդ թվում՝ մելանոմայի դեմ: Նույնիսկ 90 անց տարիքում նա շարունակել է ակտիվ մասնակցել հանրային միջոցառումներին, սակայն 2021 թվականին նախկին նախագահի առողջությունն այլևս թույլ չտվեց նրան ներկա գտնվել ներկայիս նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը։

Քարթերը պատմության մեջ ԱՄՆ-ի ամենաերկարակյաց նախագահն է։ Նա գերազանցել է Ռոնալդ Ռեյգանին ու Ջորջ Բուշ կրտսերին, որոնք նրանից հետո նախագահներ ընտրվեցին։ Նա նախագահել է 1977-ից 1981 թվականներին՝ հեռանալով Սպիտակ տնից ընտրություններում Ռոնալդ Ռեյգանին պարտվելուց հետո։

Թոշակի անցնելով՝ Քարթերը զբաղվել է հասարակական գործունեությամբ, հանդես է եկել խաղաղարար նախաձեռնություններով, աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը։

2002 թվականին նա իր աշխատանքի համար ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG