Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանված ընտանիքի տունն Աբովյանում այրվել է. այժմ 18 հոգով մեկ տանն են բնակվում


2020-ի պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից Աբովյան տեղափոխված Սմբատի յոթ և քրոջ երեք հոգանոց ընտանիքն ապաստանել էր քեռու ամառանոցում՝ տանը, որը փետրվարի 6-ին գրեթե ամբողջությամբ այրվել է։

«Ամեն ինչ կորցրեցինք, պատերազմից հետ ինչ ստեղծել էինք, մի հատ Ղարաբաղ թողեցինք ամեն ինչը, եկանք, մի հատ էլ ստեղ կորցրեցինք», - ասում է տղամարդը:

Կնոջ ու որդու լուսանկարից բացի, այրվել է գրեթե ամեն ինչ։

Հողամասին կից, որպես ամառանոց ծառայած տունը չի ունեցել կոմունալ հարմարություններ՝ գազ կամ ջուր տաքացնելու էլետրական սարք, շենքին կից, որպես բաղնիք ծառայած փայտե կառույցում վառարան էր դրված, որի վրա լողանալու ջուր էին տաքացրել։ Կրակը հավանաբար ինքնաշեն բաղնիքում է բռնկվել, ապա տանիքի միջոցով տարածվել դեպի տուն։

«Եկանք հայաթ, տեսանք՝ արդեն այրվում է, նայում ենք՝ ոչ մեկը դրսում չկա: Անմիջապես վազելով դեպի կրակը, որ փորձեմ հանգցնել, կինս ու քույրս մտել են ներս, ծուխ, բան չէր երևում արդեն, լույսերը պայթում էին: Երեխեքին մամաս վերցնում է, վազում է դուրս, կինս էլ իրենց հետ, քույրս փորձում է տատիկին դուրս բերել», - «Ազատությանը» պատմեց նա:

Սմբատի ու քրոջ վեց երեխաներին, մայրիկին ու տատիկին դուրս բերելուց հետո ժամանել են հրշեջները, հանգցրել կրակը, բայց արդեն այրվել էր Արցախում երկու տուն կորցրած ընտանիքի՝ պատերազմից հետո ձեռք բերած կահույքն ու կենցաղային տեխնիկան։ Մաս-մաս գնել, մի կողմ էին դրել, որ նոր տուն գնելու ժամանակ օգտագործեին. «Մեր պետության տված աջակցությունով, մեր աշխատանքով, սաղ նոր ստեղծել էի, առել, դրել էի: Թազա լվացքի մեքենա, կահույք, անկողին, բազմոց, գազօջախ, ինչ կարողացել եմ, առել եմ, բերել եմ…»:

Սմբատի բազմանդամ ընտանիքը Բերձորից առանձնապես շատ իրեր չէր կարողացել Հայաստան բերել, Սմբատն այն ժամանակ Պաշտպանության բանակի աշխատող էր ու պատերազմի դաշտում էր։ Կինը, մայրը, քույրը, տատիկն ու երեխաները թեթև պայուսակներով էին լքել տունը 2020-ին, բայց մեքենայում տեղ էին գտել նաև շան համար, որն այժմ հսկում է այված տունը։ Հրդեհից հետո ամեն օր վերադառնում են, շանը կերակրում, փորձում որոշ իրեր փրկել։ Այրված տանը մեծ ընտանիքի համար նաև սննդի մեծ պաշար կար։

«Դրա առաջին օրը աշխատավարձս ստացել էի, ասացի՝ մի ամսվա սնունդը առնեմ, դնեմ տանը, երեխեքի, կնոջս, քրոջս, օրվա աշխատավարձով էլ օրվա ծախսերը կհոգամ, բայց հաջոդ օրն այդ դեպքը եղավ», - հիշում է նա:

Տասը հոգանոց ընտանիքը հիմա էլ ժամանակավոր ապաստանել է Սմբատի քեռու տանը, որտեղ մինչև իրենց տեղափոխվելն արդեն ութ մարդ էր ապրում։ Այժմ տասնութ հոգով տեղավորվել են 1 սանհանգույց և 4 փոքր ննջարան ունեցող բնակարանում։ Առայժմ գնալու տեղ չունեն, ասում է չորս տղաների մայրիկ Տաթևը։

«Յոթ անչափահաս {մեկ ննջասենյակում} ու սկեսուրս, տասը հոգով երևի էստեղ ենք քնեցնում երեխեքին: Իրար խանգարում են, էդ հեչ, ամեն երեկո բոլորն իրար հետ քնում են՝ որը որտեղ պիտի քնի, էն մեկը փափուկ տեղ ա ուզում, էն մեկի տեղը հարմար չի, բայց դե էլի յոլա ենք տանում», - ասում է նա:

Արցախից տեղահանված ընտանիքը բնակարան գնելու հավասատագրեր ստացել է, Սմբատն ու Տաթևն՝ առանձին, քրոջ ընտանիքն՝ առանձին, սակայն նախ պետք է մարեն բանկի որոշ պարտքեր, ապա մոտ 1 միլիոն կանխավճար ունենան, մինչև կկարողանան օգտվել հավաստագրերից ու նոր տուն գնել։ Ապագայի մասին մտածելու ուժ առայժմ չունեն, հիմա փորձում են հաղթահարել պատերազմից հետո 2-րդ հարվածը:

Կենտրոնացել են երեխաների դասերի վրա, փորձել արագ լուծել գրքերի ու պայուսակների հարցը ու հրդեհի պատճառով մեկ շաբաթ բացակայած երեխաներին դպրոց վերադարձնել. «Ամենաչսիրածս բանն է էլի, որ բացակայում են դասերից, ու այդպիսի խնդիրներ են լինում, ասեցինք՝ գոնե իրենք առաջին, հետո մեր մասին կմտածենք»:

Երեխաների տատիկը՝ տիկին Լենան, ասում է՝ դժվարությունները հոգեպես հաղթահարելու հարցում օգնում են աղմկոտ ու չարաճճի երեխաները ու նաև Արցախում անցկացրած երջանիկ տարիների մասին հուշերը։

«Էնդեղ ամեն ինչը մաքուր էր, ամեն ինչը: Իմ տունը, որ մնում էի, դիքի վրա էր, տակը գալիս է ընդհանուր ճանապարհը, մի քիչ այն կողմ գետն էր, հավաքվում էինք, իջնում գետ, ձուկը բռնում, բերում, սարքում, տեղում ուտում: Էնքան ուրախ էր անցնում, շատ ուրախ էր», - հիշողություններով կիսվում է նա:

Աբովյանի ոչ ընդարձակ բնակարանում տասնութ հոգով տեղավորված ընտանիքին հրդեհից հետո օգնության ձեռք են մեկնել երեխաների դասընկերների ծնողները, տղաների համար բաճկոն ու կոշիկ գնած որոշ բարերարներ:

Իշխանություններից, սոցիալական կամ համայնքային աշխատողներից որևէ մեկը նրանց դուռը այս օրերին չի թակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG