Մատչելիության հղումներ

Ինը սան, նույնքան էլ՝ աշխատող. Գյուլագարակի մանկապարտեզներում աշխատողների թիվը գրեթե կրկնապատկվել է


Ամրակից գյուղի մանկապարտեզը, Լոռու մարզ
Ամրակից գյուղի մանկապարտեզը, Լոռու մարզ

Գյուլագարակ խոշորացված համայնքի 6 մանկապարտեզներում աշխատողների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Օրինակ` Ամրակից գյուղի մանկապարտեզը, որ ինը երեխա է հաճախում, ինը աշխատող կունենա։ Ընդդիմությունը սա հաստիքների անհիմն ուռճացում է համարում, տեղի իշխանությունը՝ բարեփոխում։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանն ասում է՝ հաստիքացուցակը հրատապ, արտահերթ նիստում է քննարկվել առանց ընդդիմության։ Ընդդիմադիր 7 անդամները նիստից ընդամենը 24 ժամ առաջ են տեղեկացել ու չեն կարողացել մասնակցել։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 8 անդամներով նիստ են անցկացրել, համայնքի համար կարևոր հարց քննարկել, հաստիքացուցակը ուռճացրել, պնդում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

«Երբ մենք բյուջեի փողերին վերաբերվենք որպես գրպանի գումար, որպես սեփական եկամուտ վերաբերվենք, հաստատ այդպես չենք վարվի էլի, հաստատ այդպես չենք վարվի, բայց եթե չես վերաբերվում, մտածողությունը պետականամետ չի լինում, արդեն դե ասում են՝ հաստիքներ բացենք, մեզ ընտրել են, դեռ ընտրելու են մեզ, ընտրություններ են լինելու, պահենք, էսքան հաստիք»:

Գյուլագարակի 6 գյուղերում էլ մանկապարտեզներ են գործում։ Դրանցից չորսում միայն մեկ խումբ կա՝ մի քանի հաճախող երեխաներով։ Մոտ 400 բնակիչ ունեցող Ամրակից գյուղի մեկհարկանի փոքրիկ մանկապարտեզն այժմ 4 աշխատող ունի՝ տնօրեն, հաշվապահ, դաստիարակ ու խոհարար։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանն ասում է՝ քիչ էր. կառավարության սահմանած չափորոշիչներով մանկապարտեզը պետք է նաև բուժքույր, մեթոդիստ, դաստիարակի օգնական, երաժիշտ ու հավաքարար ունենա։

«Հիմա եթե խումբը ձևավորվում է, 12 երեխա պիտի լինի, ու խումբը ձևավորվի: Հիմա եթե բնակավայրում 8 երեխա են, ի՞նչ անենք, բուժքույրին կրճատե՞նք, թե՞ խոհարարին, դաստիարակին»:

«Ազատության» այցելության պահին Ամրիկիցի մանկապարտեզի 9 սաները քնած էին։ Տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Աննա Ղամբարյանը չթույլատրեց ներս մտնել։

Այստեղ տնօրենի պաշտոնակատարն ու դաստիարակն էին միայն։ Մանկապարտեզը տաք էր, առաջին տպավորությամբ՝ մաքուր։ Բայց միևնույնն է՝ տնօրենի խոսքով՝ ավելացվող հաստիքները՝ բուժքույրից մինչև երաժիշտ, անհրաժեշտ են. «Մենք առավոտ պիտի կատարենք ջերմաչափում և այլն, գումարած երեխաների մենյուն, օրվա սննդացանկը պիտի կազմակերպի և կատարի բուժքույրը»:

Հարցին՝ դաստիարակը օգնական պիտի՞ ունենա, ասաց. «Օգնական պիտի ունենա, եթե երեխաների քանակը լինի 15 առնվազն: Մենք այս պահին ունենք 10 հաճախող երեխա, դրա համար դաստիարակի… բայց հույս ունենք, որ անպայման մեր բալիկները կհաճախեն, որովհետև համայնքում մենք ունենք շատ երեխաներ»:

Ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանն ասում է՝ հետևելու են՝ հաստիքների փոփոխությունների արդյունքում ովքեր կազատվեն աշխատանքից, և ովքեր նոր պաշտոններ կստանան։ Պնդում է, թե իշխանությունները հաճախ այդ փոփոխություններն օգտագործում են իրենց կողմնակիցներին լավություն անելու, իսկ ընդդիմադիրներին ու նրանց համախոհներին աշխատանքից հեռացնելու համար. «Հիմնականում դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, որովհետև առաջին հերթին կրճատման տակ ընկել են այն հաստիքները, որոնք ներկայացողները մեր այսպես ասած՝ համախոհներ են եղել, և այդ պրոցեսը շարունակվում է, որը շատ ցավալի է՝ քաղաքական մոտիվներով մոտենալ մարդկանց և իրենց մակնավարժական որակներին»:

Գյուլագարակում դեռևս չի քննարկվում միմյանցից ընդամենը մեկ-երկու կիլոմետր հեռու գտնվող գյուղերի մանկապարտեզները միավորելու հարցը։ Համայնքապետի տեղակալն ասաց՝ բոլոր 6 գյուղերում էլ խումբ ձևավորվում է, ուստի կպահեն մանկապարտեզները։ Դրանցից յուրաքանչյուրում միայն աշխատավարձի վրա համայնքը տարեկան միջինը 10-12 միլիոն դրամ կծախսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG