Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր. Միրզոյան


Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր, Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությանը հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Միրզոյանն ընդգծել է, որ չնայած առկա սուր մարտահրավերներին, Հայաստանում շարունակվում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

«Չնայած Հայաստանի և նրա ժողովրդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է», - նշել է ԱԳ նախարարը:

Մինչ այդ Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեին, ում հետ քննարկել է ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG