Մատչելիության հղումներ

Մայր Աթոռն ու իշխանությունները տարակարծություններ ունեն. Կաթողիկոս


2019 թվական
2019 թվական

Մայր Աթոռն ու Փաշինյանի իշխանությունը տարաձայնություններ ունեն, առաջին անգամ հրապարակային խոստովանել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Այս մասին նա ասել է «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում։ Հատկապես որ հարցերում են անհաշտ պետության կարևորագույն կառույցները, կաթողիկոսը չի մանրամասնել։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանան էլ չցանկացավ փակագծեր բացել։

«Նույնիսկ եթե իրար ատում են, ես չգիտեմ՝ ատում են, սիրում են, բայց նույնիսկ եթե իրար ատում են, երկուսն էլ պատասխանատու են երկրի և հասարակության, ժողովրդի, ընդհանուր սոցիալական ներքին համերաշխության համար», - ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա չի հիշում, որ եկեղեցին ու իշխանությունն այսպես բացահայտ խոսեն տարաձայնությունների մասին։ Նույնիսկ փոխադարձ համակրանքն է զուսպ եղել՝ ազգագրագետի տպավորությամբ, ասում է՝ եթե անգամ խորը հակասություններ ունեն, իշխանությունը պետք է ջանա սուր կողմերը հարթել. «Այս երկու կարևորագույն ինստիտուտները անպայման պետք է գոնե փոխհամաձայնեցված լինեն, եթե նույնիսկ անձայն բախվում են»:

2019 թվական
2019 թվական

Վարչապետի ու Մայր Աթոռի հակասությունները սրվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր սկսվեցին։ Հրաժարականի կոչեր հնչեցին տարբեր կառույցներից. անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Մայր Աթոռն էլ միացավ պահանջին։ Հասարակական կյանքում ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները կանխելու նպատակով կաթողիկոսն էլ հորդորեց Փաշինյանին լիազորությունները վայր դնել։ Փաշինյանն էլ իր հերթին քննադատեց հոգևոր էլիտային։ Կաթողիկոսի հայտարարությունից մի քանի ամիս անց 2021-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին հիշեց կոռումպացվածներին. «Ո՞վ է ավելի շատ վարկաբեկում, կոռուպցիան, կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականները, թե՞ այն մարդիկ, ովքեր քննադատությամբ ուզում են՝ մեր եկեղեցին լինի մոր հոգիների, մեր մտքերի և մեր սրտերի առաջնորդը, բայց ես այդ հոգևորականների քստմնելի հայտարարություններին չեմ պատասխանել, հիմա էլ չեմ պատասխանելու»:

Կաթողիկոս-Փաշինյան հակասությունները նույնիսկ պետական ու հոգևոր տոներին են անթաքույց։ Սուրբ Ծննդյան պատարագին պաշտոնյաները չեն մասնակցում, Անկախության ու բանակի օրվ առթիվ հոգևորականները Եռաբլուրի բարձունք են հասնում առանձին։

Փաշինյանի իշխանության գալուց հետո Մայր Աթոռի դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին, բայց դրանք մեծ հնչեղություն չստացան ու մարեցին: Այդ ժամանակ մի խումբ քաղաքացիներ կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում, փորձում ներխուժել վեհարան, շրջափակում մեքենան։ Քաղաքացիներին միացել էին մի քանի հոգևորականներ։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը հաճախ էր քննադատում հոգևորականների բարքուվարքը, քաղաքական ինտրիգներ նկատում, որ զայրացնում էին Փաշինյանին։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց ասուլիսում սպառնաց, թե ծնկի կբերի եկեղեցականներին, եթե փորձեն կառավարության դեմ դավեր նյութել:

2018 թվական
2018 թվական

«Երբ որ մենք ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, ու որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, ասում են՝ սա նախկին կառավարության նման չէ, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակ, շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն բառի բուն ու փոխաբերական իմաստով», - հայտարարել էր վարչապետը։

Սահմանադրությամբ է ամրագրված եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր, ազգային ինքնության պահպանման գործում, շեշտում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Սա պետք է գիտակցեն բոլորը, պետությունն էլ, եկեղեցին էլ պատասխանատու են սոցիալական համերաշխության համար։

«Կարող են լինել անձային անհանդուրժողականություններ թե հայացքների իմաստով, թե ուղղակի պարզ մարդկային իմաստով, բայց երկուսն էլ պատասխանատվություն ունեն՝ եկեղեցին իր հավատացյալների առաջ, պետությունն իր ընտրողների, իր քաղաքացիների առաջ, և դրանք հաճախ նույնն են», - նշեց նա:

Արցախյան հարցով էլ Փաշինյանի քաղաքականության նկատմամբ եկեղեցու դիրքորոշումը կոշտ է։ Գերագույն հոգևոր խորհրդի համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է։

XS
SM
MD
LG