Մատչելիության հղումներ

Վերջին օրերին Գյումրիում ավելացել են շների հարձակման դեպքերը


70-ամյա Մարգարիտ Կարապետյանին իրենց թաղի շներն են կծել։ Ասում է՝ միշտ նույն ճանապարհով է գնացել-եկել ու մտքով չի էլ անցել, որ կհարձակվեն վրան։

Վերջին օրերին Գյումրիում ավելացել են շների հարձակման դեպքերը, տուժողներից մեկն էլ դպրոցական էր։ Թափառող շները քնեցվում են, եթե անալիզներով հաստատվում է, որ կատաղություն ունեն։ Մնացած դեպքերում ստերջացում է իրականացվում։ 3 տարում Գյումրիում համայնքային բյուջեի միջոցներով 2600 շուն է ստերջացվել, ևս 500-ը այս տարի պետք է ստերջացվեն։

Այս հարցն այսօր քննարկվեց նաև ավագանու նիստում, քաղաքային իշխանությունը որոշեց ևս 100 շան ստերջացման համար հրատապ գումար հատկացնել։ Գյումրիի քաղաքապետն էլ պնդեց, թե թափառող շները նաև այլ համայնքներից են բերում. -«Կան մեքենաներ, ուղղակի համարները չեն երևում, հեռվից ֆիքսել են.... անծանոթ շներ են եկել ու շատացել են, հիմա էդ կերի պակասն էլ կա»:

Որ ստերջացմամբ թափառող շների հարցը չի լուծվում, ինքը համայնքապետն էլ է ընդունում. - «Ստերջացումը չի նշանակում, որ շները չեն կծելու, մենք մի հատ մեծ բաց ունենք, որը փորձենք կարգավորել: Ռոտացիոն տարբերակ ենք մտածել, որտեղ որ շատ են 20-30 հատ են, տանենք այլ տեղեր, էնպես, որ ոհմակով առաջ չգան, որ մարդիկ չվախենան և չհարձակվեն»:

Ավագանու ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վադևան Հակոբյանը հիշեցրեց, որ քաղաքի կոալիցիոն իշխանությունը՝ և՛ «Բալասանյան» դաշինքը, և՛ «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական ծրագրերում խոստացել էին լուծել թափառող շների հարցը՝ ապաստարան կառուցելով։

«Մենք չպետք է վախենանք էդ գործընթացը սկսելուց, թեկուզ քչից, բայց այդ գործընթացը պետք է սկսենք, որովհետև այլ տարբերակ մենք չունենք: Կոմպլեքս՝ համակարգված լուծումն է, այսինքն, և՛ ապաստարան, և՛ ստերջացում, և՛ քնեցում, և՛ տեղափոխում, բայց այսպես ասած, նորմալ էդ ամեն վերահսկողական մեխանիզմներով ճիշտ լուծումն է», - ասաց Հակոբյանը:

Քաղաքապետարանում հաշվել են, թե մոտավորապես որքան գումար կպահանջվի ապաստարանի համար. «250 միլիոնի կարգի գումար է հարկավոր, շատ մեծ է գումարը, որը մեր համայնքը չի կարող թույլ տալ իրեն: Հարցը ոչ միայն ապաստարան ունենալն է, այլ նաև պահպանությունը՝ շներին կերակրել, շներին բժշկական օգնություն ցույց տալ»:

Հաշվարկը կա, բայց գումարը չկա, ասում են նախընտրական խոստում տված քաղաքային իշխանությունները։

Թե շների հարձակման քանի դեպք է արձանագրվել անցած տարի, դեռ պարզ չէ, տվյալները նոր են ամփոփում։ Միայն Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում անցած տարի 131 նման դեպք են գրանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG