Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիան պատուհասել է «Գեբրիել» անվամբ աննախադեպ հզոր փոթորիկը


«Գեբրիել» անվամբ ավերիչ փոթորիկը, Նոր Զելանդիա, 14 փետրվարի, 2023թ.
«Գեբրիել» անվամբ ավերիչ փոթորիկը, Նոր Զելանդիա, 14 փետրվարի, 2023թ.

Նոր Զելանդիան ենթարկվել է սաստիկ փոթորիկի հարվածին: Հարյուր հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրականությունից: Հազարավոր մարդիկ հեղեղումների և սողանքների պատճառով լքել են իրենց տները: Նոր Զելանդիայում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ընդամենը երրորդը երկրի պատմության ընթացքում:

Փոթորիքի անունն է «Գեբրիել»: Դրանից առավելապես տուժել են Նոր Զելանդիայի արևելյան ափը և Հյուսիսային կղզու հյուսիսային հատվածը:

«Այս փոթորիկը՝ «Գեբրիելը», երբևէ Նոր Զելանդիայի պատմության ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալից եղանակային երևույթն է, գրանցվել են հզոր ավերածություններ, երկրին մեծ վնաս է հասցվել», - ասել է վարչապետ Քրիս Հիփքինսը:

Զոր Զելանսիայի էներգետիկայի նախարար Մեգան Վուդսի փոխանցմամբ, կեսօրին Հյուսիսային կղզում հոսանք չի ունեցել 225 հազար բնակիչ: Էլեկտրացանցի ազգային օպերատորը զգուշացրել է, որ երկրի մի շարք շրջաններում «հոսանքի մատակարարումը կընդհատվի ոչ թե մի քանի ժամով, այլ մի քանի օրով և գուցե՝ շաբաթով»:

Հեղեղումների հետևանքով խափանվել է մայրաքաղաք Վելինգտոնը երկրի ամենախոշոր քաղաք Օքլենդի հետ կապող ավտոմայրուղու աշխատանքը:

Հեղեղումների և սողանքների պատճառով փրկարարների խմբերը չեն կարողանում հասնել տուժած շրջաններ: Անհետ կորել է մեկ փրկարար, ևս մեկը ծանր վնասվածք է ստացել: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Կլիմայի հարցերով նախարար Ջեյմս Շոուն խորհրդարանում հայտարարել է, թե ավերիչ փոթորիկը մոլորակի կլիմայի վատթարացման հետևանք է: Նա ասել է, թե «մարդիկ տասնամյակներ են կորցրել անպտուղ վեճեր վարելով և քննարկելով «արդյո՞ք կլիման փոխվում է և արդյո՞ք դա մարդու գործունեության արդյունք է» հարցերը:

Գիտնականները պնդում են, աննախադեպ շոգը կամ փոթորիկները հետզհետե ավելի հաճախ են պատահում, ինչը ջերմոցային արտանետումների հրահրած գլոբալ տաքացման հետևանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG