Մատչելիության հղումներ

Ծրագրի մեկնարկից երեք տարի անց ապահովագրվել է Հայաստանի մշակովի հողատարածքների միայն մոտ մեկ տոկոսը


Թեև արդեն երեք տարի է հայաստանցի գյուղատնտեսները կարող են ապահովագրել բերքը բնական աղետներից, բայց արևիկցի Արթուր Վանոյանը չի օգտվել այդ հնարավորությունից, ասում է՝ նույնիսկ պայմաններին ծանոթ չէ։

«Ապահովագրություն չունենք, պայմաններին ավելի շատ ծանոթ չենք, ապահովագրության գումարը պարզ է ինչքան է, բայց ինչ պայմաններում կփոխհատուցեն, որ հողերին ինչ քանակով, անձամբ ես կուրսի չեմ: 7 հեկտար հող ունեմ, էդ մասին պատկերացրեք, չեմ էլ մտածել», - ասաց Վանոյանը:

Հրդեհի, կարկտահարության, ցրտահարության, այս տարվանից նաև երաշտի դեպքում է գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրվում։ 13 մշակաբույս կա ապահովագրության ցանկում. կախված բույսի տեսակից՝ վճարի չափը տարբեր է։ Մեկ հեկտարի համար գյուղացին միջինը տարեկան 9-13 հազար դրամ է վճարում։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ծրագրի մեկնարկից երեք տարի անց ապահովագրվել է Հայաստանի մշակովի հողատարածքների միայն մոտ մեկ տոկոսը։ Ինչո՞ւ։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը վստահեցնում էր, որ Շիրակում, մասնավորապես, ապահովագրվող ցանքատարածությունների թիվը տարեցտարի ավելանում է։

«Եթե 2020 թվականին մենք ունեինք մարզում ապահովագրված 497 հեկտար, 21 թվականին ապահովագրված ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 1400 հա, իսկ 22 թվականին արդեն 1764 հա ապահովագրված ցանքատարածություններ ենք ունեցել, Հայաստանի հանրապետությունում այդ ցուցանիշը առաջինն է», - ասաց պաշտոնյան:

Մինչդեռ արևիկցի Օնիկ Հովհաննիսյանը, որ 6 հեկտար հող ունի, ասում է՝ ապահովագրելու ցանկություն ունի, բայց այդքան գումար չունի. - «Ես թոշակառու եմ, փողից մի քիչ խեղճ եմ, ուրիշ օգնող էլ չունեմ, մենակ գումարն է խնդիրը, եթե ես էդ գումարը հայթայթեմ, անպայման կապահովագրեմ»:

Արևիկում ծրագրից օգտվողներ էլ կան. նրանցից մեկը վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանն է, մեկ անգամ՝ կարկուտից հետո փոխհատուցում է ստացել. - «Փոխհատուցումը նորմալ տվեցին, այդ տարի, որ մենք փոխհատուցում ստացանք մենակ ծախսերի մասով էր, բայց անցած տարվանից կրկնակի ավելացրել են փոխհատուցման մասը»:

Մելքոնյանը նաև բացթողումներն է թվարկում՝ ինչո՞ւ են միայն հացահատիկի գարնանային ցրտահարությունը ներառել փոխհատուցման ցանկում, այն դեպքում, երբ աշնանացանի ցրտահարությունը հիմնականում ձմռան ամիսներին է գրանցվում։

«Գարնան ցրտահարությունը, որ նշել են, ապրիլ-մայիսին մեր մոտ երբևիցե 15-20 ցրտահարություն չի լինի, թող նշեն ընդհանուր ցրտահարության մասին», - ընդգծեց վարչական ղեկավարը:

Գագիկ Վանոյանն էլ է կողմ ապահովագրությանը, այս տարի ամեն հեկտարին մեկ պարկ պարարտանյութ քիչ կտա, դրա փոխարեն բերքը կապահովագրի։ Համոզված է, որ այս տարի աշնանացանի ցրտահարություն կունենան, քանի որ ձյան տեղումներ միայն վերջին օրերին են գրանցվել։

«Այսինքն՝ մենք խնդիր կունենանք, բայց պայմանագրում նախատեսված է գարնանային ցրտահարություն, իսկ գարնանը ցորենի ցրտահարությունը մեր մոտ մի քիչ չեմ պատկերացնում, կարող է շատ չնչին՝ 1-2 տոկոս ցրտահարություն: Հիմնականում գարնանը գարնանացանը կարող է ցրտահարվել, բայց էլի վերականգնվող է: Ուղղակի եթե ցրտահարությունը աշնանացան ցորենի համար գարունն է, էդ մեկ բաց», - նշեց Վանոյանը:

Արևիկցիները չեն ապահովագրում կարտոֆիլի ցանքատարածությունները, քանի որ կարծում են, որ ապահովագրության վճարի սխալ հաշվարկ է արվել, փոխհատուցում են միայն մինչև 15 ցենտներ բերք ստանալու դեպքում, իսկ իրենք ասում են՝ ավելի շատ կարտոֆիլ են ստանում, իմաստ չունի փողը ջուրը գցելը։ Շատերը նաև մտավախություն ունեն, որ հաշվարկները կարող են հօգուտ ապահովագրական ընկերության արվել։ Մարզպետարանի պաշտոնյան ասում է՝ եթե համաձայն չեն փոխհատուցման չափի հետ կարող են դիմել ֆինանսական հաշտարարին, հետո նաև՝ դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG