Մատչելիության հղումներ

Ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններին


Փաստաբանների պալատի գործող և նախկին նախագահների, ծեծի ենթարկված փաստաբանների ու նրանց շահերի պաշտպանի ասուլիսը
Փաստաբանների պալատի գործող և նախկին նախագահների, ծեծի ենթարկված փաստաբանների ու նրանց շահերի պաշտպանի ասուլիսը

Դեպքը տեղի է ունեցել Էրեբունու ոստիկանական բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Ոստիկանները երեկ ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Փաստաբան Մարզպետ Ավագյանի խոսքով, այդ ժամանակ իրենց պաշտպանյանլը պատմելիս է եղել, թե ինչպես են իրեն նախորդ օրը ծեծի ենթարկել ոստիկանները. - «Օպերատիվ աշխատողները մեծ քանակությամբ եկել բաց դռան առջև կանգնել էին։ Դա ուղղված էր ճնշում գործադրելուն անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքները»։

Ծեծի ենթարկված փաստաբանների շահերի պաշտպան Հրանտ Անանյանը մանրամասներ ներկայացրեց. ոստիկանի և անչափահասի առերեսման ժամանակ իրավապահները ծաղրել են փաստաբաններին. - «Գլուխը հագուստով ծածկել, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկացնել, ոտքերը դրվի իրենց վրա... Ու էդ ցուցմունքները տալու ժամանակ օպերլիազորի մոտ, ով որ առերեսվում էր տվյալ անչափահաս վկայի հետ, ըստ էության լարվածություն ա կուտակվել»։

Լարվածության գագաթնակետին հասել է այն ժամանակ, երբ, փաստաբան Անանյանի խոսքով, անչափահաս տղայի պաշտպանները հարցեր են տվել ոստիկաններին։ Պատասխաների փոխարեն բռունցքներ են գործի դրվել արդեն միջանքում. - «Էմանուել Անանյանը, ով մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ Մարզպետ Ավագյանին շրջափակած են եղել ու ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են նաև Էմանուել Անանյանի ձեռքերը և հարվածներ են հասցրել»։

Ծեծին հաջորդել են ոստիկանների սպառնալիքները, թե հաղորդում տալու դեպքում հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ։

Դեպքից հետո ոստիկանությունից պալատի նախագահին ասել են, թե փաստաբաններ են ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, սակայն, հարց է բարձրացնում՝ եթե անգամ այդպես է եղել, ոստիկանները պետք է ծեծեի՞ն փաստաբաններին. - «Նման բան է արել, դիմեիք Փաստաբանների պալատին, քրեական գործ հարուցեիք, քրեական ընթացք, ինչ-որ պրոցեսներ սկսեիք, ծեծելը ո՞րն է։ Այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել այդ ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին։ Քրեական գնահատականից զատ, պետք է առնվազն նրանց լիազորությունները կասեցվի։ Նրանք չեն կարող ոստիկաններ լինել»։

Ոստիկանության լրատվակական ծառայությունից հայտնեցին միայն, որ Էրեբունու քննչական բաժնում արձանագրվել է խուլիգանության դեպք՝ հորդորելով մանրամասները պարզել Քննչական կոմիտեից։ Կոմիտեից հայտնեցին, որ փաստաբանները տուժող են ճանաչվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Միևնույն ժամանակ, ոստիկանության երկու աշխատակիցներ հաղորդում են տվել, որ փաստաբանները իրենց և ոստիկանության մյուս ծառայողներին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել բաժնում։ Երկու քրեական գործ է հարուցվել՝ փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։

«Որևիցե տրամաբանության մեջ չտեղավորվող դեպք ա», - ասում է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով տևական ժամանակ ոստիկանության բարեփոխումների խորհրդի անդամ էր։

Իոաննիսյանը ասաց, որ ապշած է, ինքը նման դեպք չի հիշում. - «Ոստիկանության բարեփոխումները, ըստ էության, միայն պարեկային ծառայությանն են հասել։ Եվ ոստիկանության մյուս ծառայությունները բարեփոխումներ ոչ միայն չեն ապրել, այլ նաև ռեգրես են ապրել։ Մենք վերջին տարիներին տեսել ենք դեպքեր, որբ խոշտանգում կատարող օպերները ստացել են պաշտոնի բարձրացում, կոչման բարձրացում։ Նույնիսկ այնպիսի օպերներ, որոնք հիմա դատվում են»։

«Ոստիկանության ղեկավարությունը խրախուսում է այսպիսի պահվածքը», - պնդում է Իոաննիսյանը և առանձնացնում ևս մեկ մտահոգիչ հարց՝ արդյո՞ք հնարավոր կլինի ապացուցել ծեծը. - «Ոստիկանները ամեն ինչ կանեն, որ այդ ապացույցները վերանան։ Առավել ևս, որ անցյալ տարվա հուլիսին Վահե Ղազարյանի արձակած հրամանով բաժիններում տեղադրված տեսախցիկները, որ տեղադրվել էին միջազգային կառույցների միջոցներով, տեսագրումը անջատվել էր։ Եվ սրա համար էլ պետք է այժմ Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանը բացատրություն տա»։

Փաստաբանների ծեծը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ շեշտելով, որ իրենք ևս ուսումնասիրում են այս դեպքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG