Մատչելիության հղումներ

Պենտագոնում հանդիպել են ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները


Պենտագոնում փետրվարի 9-ին կայացել է ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը։

Ըստ Պենտագոնի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության, Լլոյդ Օսթինն ասել է, որ հանդիպմանը հաստատվել է Վրաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գրաֆիկը, որպեսզի հաշվի առնելով ռիսկերը՝ Վրաստանը կարողանա ավելի հեշտությամբ ձեռք բերել ռազմական կարևոր միջոցներ։

Անցած հունվարին Պենտագոնը Կոնգրեսին իրազեկել էր Վրաստանի անվտանգության ոլորտին 33 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մտադրության մասին։

Նախօրեին Օսթինը նշել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Վրաստանի գործընկերությունը էլ ավելի կխորանա։

«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի մեծ ազդեցությունը Հարավային Կովկասի և աշխարհի անվտանգությանն ու կայունությանը, և անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը կխորանա», - ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նա նաև կարևոր է համարել, որ Վրաստանը Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի կազմում է և մասնակցել է հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշտայնի ավիաբազայում կայացած հանդիպմանը։

Օսթին-Բուրչուլաձե հանդիպման վերաբերյալ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարություն է տարածել, ուր նշված է․ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության անկյունաքարն է։ Պաշտպանության նախարար Օսթինը Պենտագոնում ջերմ ընդունել է նախարար Բուրչուլաձեին և հաստատել մեր աներեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Քննարկվել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի պաշտպանական ուժերի ուժեղացմանը, պաշտպանության և զսպման ներուժի ամրապնդումը։ Պենտագոնի ղեկավարը նաև նշել է Վրաստանի եվրոպական ապագային մեր աջակցության հանձնառությունը»։

ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները 2021-ի հոկտեմբերին հանդիպել էին Թբիլիսիում, որտեղ Օսթինը հայտարարել էր Վրաստանի զինված ուժերին աջակցելու նախաձեռնության մասին։

XS
SM
MD
LG