Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է. ՔԿ


Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քննչականը 2022-ի դեկտեմբերին էր հաղորդել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ստացել է վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։

Նախաքննության ընթացքում, ըստ ՔԿ-ի պարզվել է, որ «ՀՀ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հրամանատար, 2022թ. դեկտեմբերի 3-ին պաշտպանության տեղամասում տեղյակ լինելով իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներ, շարքայիններ Գ.Պ-ի և Գ.Հ-ի կողմից նույն թվականի նոյեմբերի կեսերին զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո առերևույթ գաղտնի հափշտակելու դեպքի մասին, զինվորական ծառայության վայրում կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ»:

«Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն», - մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, հունվարի 25-ին նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին:

Հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի, շարքային Գ.Պ.-ի և կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը», - ասված է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG