Մատչելիության հղումներ

ՀՀ-ն կփոխհատուցի բանտում մահացած Ոսկանյանի ընտանիքին՝ նրա կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻԵԴ


Ստրասբուրգյան դատարանը Հայաստանում մարդու իրավունքների խախտման հերթական դեպքն է արձանագրել ու կառավարությանը պարտավորեցրել փոխհատուցել վանաձորցի Ոսկանյանների ընտանիքին՝ 12 տարի առաջ բանտում մահացած Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը խախտելու համար։

«Մարդը չի գործել հանցանքը, իրեն կալանավորել են ու հասցրել են այն աստիճանի, որ մարդը մահացել է», - ասում է կինը՝ Շուշանիկ Ոսկանյանը:

Սլավիկ Ոսկանյանն ընդամենը երկշաբաթյա կալանքից հետո մահացել էր Վանաձորի քրեակատարողական հիմնարկում՝ 2010-ի հոկտեմբերին։ Նա կասկածվում էր ոստիկանության գնդապետի մորը սպանելու մեջ։ Կնոջ պնդմամբ՝ ամուսինը մահացել է գանգրենայից, որն առաջացել է կալանավայրում տևական ժամանակ նրա վերքն անուշադրության մատնելու պատճառով։

«Ամեն դեպքում այդ մարդն իրավունք ուներ ապրելու, նույնիսկ ամենածանր հանցանքի եթե այստեղ նախատեսված չէ մահապատիժ, ինքը պետք է ապրի, թեկուզ իր պատիժը կրի, թեկուզ ինչ-որ կերպ հաստատի, որ ես չեմ արել դա, ոչ թե էնքան առնեն, մարդը մահանա, ոչ կարողանա ապացուցել, որ չի արել, ուղղակի զրկեն իրեն ապրելու հնարավորությունից. չէ՞ որ մի օր ինքը կարող էր ազատվել», - նշեց նա:

Շուշանիկն ասում է՝ ամուսինն անմարդկային տանջանքների է ենթարկվել, նրան ստիպել են հանձն առնել հանցանքը։ Տանջանքներից ազատվելու համար կասկածյալն ինքն իրեն թուք է ներարկել՝ հույսով, որ կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց. «Իրեն սպառնում էին, ասում էին՝ կամ հիմա գործը վերցնում ես քեզ վրա, քեզ ուղարկում եմ հենց հիմա դատապարտյալների հիվանդանոց, կամ դու ստեղ կմնաս անտերուդուզ, կփտես, կմեռնես, քեզ տեր լինող չի լինի: Ինքը չվերցրեց իր վրա ու մի քանի օրվա մեջ մահացավ»:

Կալանավորին ոչ միայն հիվանդանոց չեն տեղափոխել, այլև անգամ տեղում չեն մշակել նրա վերքը, պնդում է Շուշանիկը։ Եվրոպական դատարանն արձանագրել է. «Սլավիկ Ոսկանյանը բժշկական օգնություն է խնդրել։ Վեց օր անց միայն նրան հիվանդանոց տեղափոխելու որոշում է կայացվել, բայց արդեն շատ ուշ էր նրա կյանքը փրկելու համար»։

Իրավապահները կարճել են գնդապետի մոր սպանության գործը միակ կասկածյալի մահվան հիմքով։ Քննչական մարմինները նաև քննության չեն առել՝ արդյո՞ք պետության հսկողության տակ եղած կալանավորի կյանքը փրկելու համար բարեխղճորեն և ժամանակին բուժօգնություն է ցուցաբերվել։ Այս հարցով ևս քրեական գործը փակվել է եզրակացությամբ, թե նրա մահվան պատճառը բանտի բժիշկների անփութությունը չի եղել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որ հանդիպել էր Սլավիկ Ոսկանյանին նրա՝ բանտում գտնվելու օրերին, ասում է՝ ստացվում է՝ կալանավորին պաշտպանելու անմիջական պարտավորություն ունեցող անձինք նրան մահվան են դատապարտել. «Կյանքի իրավունքի նաև խախտում է, որը արձանագրել է, բայց մահապատժի ձևով, ես կարող եմ ասել: Անպայման չի, որ պետությունը անմիջական սպանի, կախաղան հանի կամ գնդակահարի, այլ հանցագործությունը տվյալ դեպքում, բժշկական օգնության պատշաճ չտրամադրումը՝ թողնելով, որ մարդը մահանա, դա էլ է մահապատժի տարբերակ»:

Շուշանիկ Ոսկանյանը ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է բանտում առողջական խնդիրների հետևանքով մահացած ամուսնուն բուժօգնություն չտրամադրելու փաստով քրեական գործի մերժման որոշումը։ Բայց, կնոջ դատական հայցերը ևս արդյունք չեն տվել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ դատաքննության ընթացքում կարևոր փաստեր են ներկայացրել, որոնք այդպես էլ չեն կցվել դատական գործերին։

«Կոնֆիդենցիալ եղանակով ստացանք թուղթ, որ բժիշկը գրությամբ դիմել է քրեակատարողական հիմնարկի պետին, որ այս կալանավորի կյանքը վտանգի տակ է, և հրատապ պետք է տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, այսինքն՝ այս փաստաթուղթը մեր ձեռքին հայտնվեց արդեն դատաքննության ընթացքում, դատարանին ներկայացվեց որպես նոր փաստ: Դատարանն ընդհանրապես հաշվի չառավ նույնիսկ այդ փաստաթուղթը: Պատկերացնում եք չէ՞, էական նշանակություն ունեցող փաստաթուղթը հանվել էր գործից», - նշում է Սաքունցը:

12 տարի առաջ ամուսնուն կորցրած կինը՝ Շուշանիկ Ոսկանյանը, 20 հազար եվրո կստանա պետությունից։ Ասում է՝ 4 անչափահաս երեխաների հետ կփորձեն իրենց գլխավոր խնդիրը լուծել՝ տուն չունեն, այս բոլոր տարիներին ստիպված են եղել տնից տուն տեղափոխվել ու բազմաթիվ զրկանքներ կրել։

XS
SM
MD
LG