Մատչելիության հղումներ

21-ամյա երիտասարդն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանել է, որ ուներ Եղիսաբեթ Երկրորդին սպանելու մտադրություն


Արբալետը (ձգազենքը), որով երիտասարդը մտադիր էր սպանել թագուհուն:
Արբալետը (ձգազենքը), որով երիտասարդը մտադիր էր սպանել թագուհուն:

Հարավային Անգլիայից 21-ամյա Ջասվանտ Սինգհ Չաիլին իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանել է, որ ուներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Երկրորդին սպանելու մտադրություն: Նա մեղադրվում է 1842 թվականին ընդունված դավաճանության մասին օրենքով:

2021 թվականի Սուրբ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին, Չաիլը հայտնվել է մայրաքաղաք Լոնդոնից մոտ 35 կիլոմետր արևմուտք գտնվող թագավորական նստավայրի՝ Վինձորի ամրոցի մոտ, սև հագուստով, դեմքին մետաղյա դիմակով ու ձեռքում լիցքավորված ձգազենքով:

Այդ պահին պալատում են եղել միայն թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, նրա որդի Չարլզն, ով այսօր Բրիտանիայի միապետն է, և ընտանիքի ևս մի քանի անդամ:

Ամրոցի տարածք մտնելուց առաջ նա հեռախոսով տեսաուղերձ է ուղարկել իր բջջային հեռախոսի կոնտակտների ցանկում գտնվող բոլոր օգտատերերին:

«Ցավում եմ արարքիս համար, որը հիմա կանեմ, ես այստեղ եմ Եղիսաբեթ թագուհուն սպանելու համար: Սա 1919 թվականի կոտորածի վրեժն է»,- ասել է նա տեսաուղերձում: Անվտանգության աշխատակիցները նրան տեղում ձերբակալել են:

1919 թվականին Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում՝ սիկհերի սրբազան քաղաք Ամրիթսարում բրիտանական զորքի հետ բախման ընթացքում զոհվել են մոտ 400 սիկհեր:

(Սիկհերն ազգային-կրոնական խումբ են, սիկհիզմի հետևորդներ, նրանց թվում մեծամասնությունը փանջաբցիներ են):

Անկախություն ստանալուց հետո Հնդկաստանը տասնամյակներ շարունակ պահանջել է, որ Բրիտանիան պաշտոնապես ներողություն հայցի այդ սպանդի համար:

Ջասվանտ Սինգհ Չաիլին անցած 40 տարվա ընթացքում առաջին անձն է, ով մեղադրվում է 1842 թվականի դավաճանության օրենքով:

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը վախճանվել է 96 տարեկանում 2022 թվականի սեպտեմբերի 8-ին:

Դատավորը Ջասվանտ Սինգհ Չաիլի գործով պետք է վճիռ կայացնի մարտի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG