Մատչելիության հղումներ

Գյումրիի ավիամոդելավորման կենտրոնին տարածքի տրամադրման հարցում խնդիրներ են առաջացել


12-ամյա Լևոն Մելքոնյանը արդեն հինգ տարի հաճախում է Գյումրիի «Միտ» ավիամոդելավորման կենտրոն. բազմաթիվ մոդելներ իր ձեռքով է պատրաստել. - «Սա ես սարքել եմ մոտ տասը օրվա մեջ։ Ես տարբեր մոդելներ ունեմ, տարբեր չափերի, տարբեր ձևերի»։

Խմբակը Գյումրիում բացվել է 2016-ին։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո սկսեցին ավելի շատ կենտրոնանալ անօդաչու թռչող սարքերի մոդելավորման և կառավարման ուսուցման վրա։ Այժմ «Միտ» ուսումնական կենտրոնում շուրջ 100 երեխա թռչող սարքերի մոդելներ է պատրաստում ու երկինք բարձրացնում։

«Երեխաները սովորում են տարրական մոդելավորումից սկսած՝ ծրագրավորում, թռիչքներ իրականացնում, տարբեր տեսակի նյութերի հետ են աշխատում։ Սաղ ինժեներական, տեխնոլոգիական ոլորտը ինքը ամբողջը ընդգրկում է։ Մեր կրթության մասը մենակ էդ թռիչքները չէ։ Ուղղակի էդ թռիչքները երեխաների մոտ մոտիվացիա է առաջացնում, որ իրանք ավելի խորությամբ ֆիզիկան նայեն», - ասում է կենտրոնի տնօրեն Խաչիկ Թադևոսյանը։

Խաչիկ Թադևոսյան
Խաչիկ Թադևոսյան

Ավելի շատ երեխաների ներգրավելու համար կենտրոնի հիմնադիրները ցանկանում են դպրոց կառուցել, բայց առայժմ չի ստացվում լուծել տարածքի հարցը։ Թադևոսյանն ասում է, որ Գյումրիի քաղաքապետարանի հետ նախնական համաձայնության էին եկել, բայց մեկ տարվա ձգձգումից հետո քաղաքային իշխանությունը փոշմանել է. - «Մեզ տարածք առաջարկել են բանավոր։ Մի տարի ասում էին, որ էդ տարածքը տալու են, կոորդինատներ հանեցին, մեզ հետ ճշտեցին էդ տարածքը համապատասխանո՞ւմ է մեր նորմերին, երկարությունը, լայնություն համապատասխանում է տեխնիկական անվտանգությունը, կարո՞ղ ենք պաշտպանել-չպաշտպանել... Գործը հասավ կադաստրային փուլին ու էդպես կարճվեց»։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հակադարձում է, թե կոորդինատ տրամադրելը դեռ չի նշանակում տարածքի տրամադրում, իսկ մերժման համար մի շարք պատճառաբանություններ բերեց. - «Անվտանգության գոտիները պետք է պահպանվեն։ Որովհետև իրենց ներկայացրած ծրագրով, թռչող սարքեր, ինչ-որ ապարատներ, փորձարկումներ։ Էդտեղ վտանգավոր երևույթներ կարող են տեղի ունենալ»։

Ի՞նչ վտանգավոր երևույթի մասին է ակնարկում ճարտարապետը այն դեպքում, երբ 6-15 տարեկան երեխաների պատրաստած սարքերը պլաստմասսայից, փրփրապլաստից ու ստվարաթղթից են։

«Մենք էլ գիտեինք, մենք էլ էինք սկզբից կարծում, որ պետք է պենոպլաստից կամ երեխայական խաղալիքներ լինեն։ Բայց պարզվեց, որ էնքան էլ երեխայական չեն, էնքան էլ ուսումնական չեն, դրանց մեջ կան ավելի այլ տեսակի, ավելի բարձր թռչող սարքեր», - ասաց Գասպարյանը։

Խաչիկ Թադեվոսյանն այս բացատրությունը համոզիչ չի համարում. հարցնում է՝ այդ ի՞նչ ուսումնասիրություն են իրականացրել, որ այդ տարածքում դպրոցի ու թռիչքուղու կառուցումը վտանգավոր են համարել. - «Եթե իրանց թվում է, թե մենք զենք ենք արտադրում կամ ինչ-որ տեռառիստներ ենք, էդ իրանց կարծիքն է ընդամենը։ Մենք հաստատություն ենք, կանոնադրությամբ հստակ ձևակերպված, ինժեներական կրթություն ենք ապահովում»։

Եթե անվտանգության հարց կա, ապա ինչո՞ւ է քաղաքապետարանը թույլատրում երեխաների պատրաստած թռչող սարքերի թռիչքները այժմյան տարածքում։ Այս հարցին ի պատասխան Գասպարյանն ասաց. - «Դա մեկ-մեկ բնույթ է կրում, մենք գիտենք ինչ է թռցնելու։ Բայդ եթե ընդհանրապես տեղավորվում է էնտեղ նման կազմակերպություն էնտեղ, արդեն կարող է ինքը կանտռոլից դուրս գա»։

Այդ տարածքը չտրամադրելու մյուս հիմնավորումը, ըստ գլխավոր ճարտարապետի, այն է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկայի տեղաշարժին կխանգարեն. - «Հաշվի առնելով, որ տարածքը մոտ է մեր ռազմաբազային, և էդ տարածքի հարևանությամբ միշտ անցնում են զինտեխնիկա զորավարժությունների գնալու համար, մենք առաջարկել ենք ավելի լավ, հարմար տարածք»։

Քաղաքապետարանի առաջարկած մյուս տարածքին էլ Խաչիկ Թադևոսյանը չի համաձայնում, ասում է՝ բնակելի շենքերին շատ մոտ է և անվտանգ թռիչքեր իրականացնել չի լինի։ Վստահեցրեց՝ անկախ խոչընդոտներից, դպրոցի կառուցման գաղափարից չեն հրաժարվելու, քանի որ երեխաների մոտ մեծ հետաքրքրություն կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG