Մատչելիության հղումներ

Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակի կապակցությամբ «Հովեր» երգչախումբը համերգային ծրագիր կներկայացնի ՅՈւՆԵՍԿՕ-ում


«Հովեր» պետական երգչախմբի հիմնադիր խմբավար Սոնա Հովհաննիսյան
«Հովեր» պետական երգչախմբի հիմնադիր խմբավար Սոնա Հովհաննիսյան

Այսօր երեկոյան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական երգչախմբի այս տարվա առաջին՝ «Ձմեռային» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները, ինչպես նաև անվանի արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ուշագրավ է, որ այս երեկո համերգը ղեկավարելու են Սոնա Հովհաննիսյանը և Քրիստինա Ոսկանյանը։

Ինչպես այսօր «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում ընդգծում էր արդեն 30 տարի գործող «Հովեր» պետական երգչախմբի հիմնադիր խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, համերգային ծրագրում այս երեկո ընդգրկել են նաև նոր ստեղծագործություններ. - «Մենք նաև էդպիսի հանձնառություն ունենք այս տարի. չգիտեմ ամռանը թե աշնանը մեզ առաջարկված է ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ-ում համերգային ծրագիր մեկ ժամ տևողությամբ Շնորհալու մահվան 850-ամյակի հետ կապված։ Այնքան անհանգիստ ենք և պատասխանատու, որ այդ ծրագիրն է, որ բեմ կելնի այս համերգին։ Այն հարստությունը, որ մենք ունենք հոգևոր խմբերգային երաժշտության ընդգրկման մեջ, այսօր ինչ-որ մասով, մի փոքրիկ մասով, համերգային երկու բաժնից կազմված ծրագրով կներկայացնենք մեր շատ սիրելի ունկնդրին»։

Արդեն երեք տասնամյակ «Հովեր» երգչախումբը Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ մեր երաժշտասերներին է մատուցում բարձրարվեստ խմբերգային երաժշտություն՝ թե' հայ, թե' արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ՝ ամեն տարի Հայաստանում և արտերկրում ներկայանալով ամենատարբեր համերգային ծրագրերով։ Բնականաբար, այս տարին ևս հագեցած է ուշագրավ համերգային ծրագրերով. - «[Մեր նպատակն է] Ամեն ծրագրի հետ նոր ստեղծագործություններով, նոր պրեմիերաներով հանդես գալ որևէ կոնտեքստում՝ հոբելյանական համերգներ լինեն, թե մեր ծրագրային համերգները լինեն։ Այս տարի ևս կունենանք ուղևորություններ մի քանի, հյուրախաղեր և շատ հետաքրքիր ծրագրեր։ Այս տարի ծրագրել ենք Նարեկ Հախնազարյանի հետ նոր պրեմիերա անել։ Շատ եմ ուզում վեց մոտետները Բախի մեկ համերգում հնչեցնել։ Շատ են ծրագրերը, և առաջարկներն են շատ»։

Իհարկե, «Հովեր» երգչախմբի համերգային չափազանց ուշագրավ գործունեությունը անտարբեր չի կարող թողնել երաժշտասեր հանրությանը։ Տասնամյակներ շարունակ «Հովեր» երգչախումբը երաժշտասերներին է փոխանցում դարերի ընթացքում կուտակված թե' հայ հոգևոր երգը, թե' հայ և արևմտաեվրոպական լավագույն գործեր, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ և, ինչպես շեշտում էր Սոնա Հովհաննիսյանը. - «Մեր մեր մշտական ունկնդիրը անշուշտ արդեն ունենք, ձևավորել ենք, բայց, այնուամենայնիվ, ուրախ ենք համալրումների համար։ Կարծում եմ, մեր հրաշալի ունկնդրից որևէ բան չունենք դժգոհելու։ Մեր համերգները հանդեսային չեն, և կարծում եմ, որ մարդիկ հեռանում են դահլիճից մտորումներով, ոչ թե ինչ-որ փայլուն տպավորություններով, այլ այս գործերի շուրջ շատ կարևոր մտորումներով։ Միշտ աշխատանքը կա, էդ հեղինակի հորինվածքի աշխատանքը կա։ Մեզ մնում է դրանք հնչեցնել։ Ասում են՝ երաժշտությունը չկա, եթե այն չի հնչում։ Երաժշտությունը միշտ կա, չհնչածն էլ կա թղթի վրա, բայց երբ հնչեցվում է, ինքը իրականություն է դառնում, և այդ իրականությունը շատ հմայիչ է, կախարդիչ է։ Երաժշտությունը չենք կարող ասել ինչեր է արթնացնում, ինչ փակ հոգևոր հարցեր է առաջացնում և կամ պատասխաններ է առաջացնում։ Համենայն դեպս, ինքը աշխատում է, ինքը իր գործն անում է ժամանակի մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG