Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պահանջում է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ. Երևանը դա ցինիկ միջնորդություն է որակում


Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի ավելի քան մեկուկես ամիս շարունակվող արգելափակման ֆոնին՝ Բաքուն այսօր Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը ՄԱԿ-ի դատարանում իր ելույթում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։

«Ադրբեջանը նոր ապացույցներ ունի, որ Հայաստանը շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանում 2021 թվականին հայկական արտադրության ավելի քան 2700 ական է հայտնաբերվել։ Այդ ականների կեսից ավելին հայտնաբերվել է քաղաքացիական տարածքներում։ Տներում պայթուցիկ թակարդներ են հայտնաբերվել, որոնց նպատակը՝ սպանել կամ խեղել տուն վերադառնալ ցանկացող ադրբեջացիներին», - հայտարարեց նա։

Հակադարձելով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտեց, որ սա Ադրբեջանի հերթական փորձն է ուշադրությունը շեղել իր չարագործություններից։ Ադրբեջանը փորձում է համարժեքության կեղծ տպավորություն ստեղծել, ընդգծեց Կիրակոսյանը։

«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում է ականներ տեղադրել զուտ պաշտպանական նպատակով՝ հաշվի առնելով Ադրբեջանի կրկնվող ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ մասնավորապես վերջին անգամ սեպտեմբերին։ Ադրբեջանիի ախորժակն օրեցօր ավելանում է հայկական հողեր զավթելու հարցում։ Սա պետություն է, որ շարունակում է Հայաստանի քաղաքացիական անձանց որպես գերի պահել։ Նա թիրախավորում է քաղաքացիական անձանց, ոտնձգություններ կատարում հայերով բնակեցված հողերի վրա։ Սա մի պետություն է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման շարունակվող փորձերն արդարացնում է՝ մեղադրելով խաղաղապահ ուժերին իր աշխատանքը կատարելու համար։

Հստակ եմ ասում՝ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում և չի փորձում ռասայի հիմքով թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիներին։ Ադրբեջանի մեղադրանքները բազմիցս են հերքվել։ Այն ականները, որոնցից բողոքում է Բաքուն, հավաքվել է հայկական հողերից 2021-2022թթ., երբ զավթել են հայկական նոր տարածքներ, ուստի Ադրբեջանը ձգտում է անօրինական ագրեսիվ գործողություններից հետո հավաքած ականների վրա կեղծ ապացուցական բազա ստեղծել, որպեսզի հիմնավորի իր միջնորդությունը», - հայտարարեց հայկական կողմի ներկայացուցիչը՝ շարունակելով. «Սա ոչ միայն ցինիկ, այլև հիմքերից զուրկ միջնորդություն է։ Հույս ունեմ, որ դատարանն Ադրբեջանին թույլ չի տա իր վարույթը չարաշահել՝ փորձելով իր իսկ կատարած անօրինական գործողություններից օգտվել»։

Հայաստանի ներկայացուցիչն ընդգծեց՝ թեև Բաքուն խոսում է ամիսներ առաջ տեղի ունեցած երևույթների մասին, այդուհանդերձ այս միջնորդությունը Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դիմումից ընդամենը 6 օր անց։

Սա Բաքվի արդեն երկրորդ հայցն է դատարան՝ ականապատման հարցով հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Ականների հարցը Բաքվի հետպատերազմյան օրակարգի գլխավոր թեմաներից է։ Մինչդեռ Երևանն, իր հերթին, հերքում է մեղադրանքները, հայտարարում, որ ականների թեման Բաքուն օգտագործում է «քարոզչական նպատակներով»։

Մամեդովն այսօր հայկական կողմին մեղադրեց ականների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ՝ պնդելով, թե «իրենց դեմ պատերազմը շարունակվում է»: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով 292 ադրբեջանցի է զոհվել կամ վիրավորվել։

«Ադրբեջանցիները շարունակում են լրջորեն վնասվել և մահանալ, որովհետև Հայաստանը չի ցանկանում կիսել այն տեղեկությունը, որը կարող էր նրանց փրկել», - նշեց նա։

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու Հայաստանի կոչերին զուգահեռ Բաքուն հայկական կողմից պահանջում է ականապատման քարտեզներ, թեև Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ առկա բոլոր քարտեզները փոխանցվել են։

Երեկ Հաագայի դատարանում միջազգային դատավորները լսել են հայկական կողմի բողոքն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։

Դատական լսումների ավարտին Հայաստանի ներկայացուցիչը, դիմելով դատարանին, խնդրեց ամբողջովին մերժել Ադրբեջանի դիմումը՝ շեշտելով՝ այն անկեղծ ու իրական չէ։

Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի հակընդդեմ դիմումների վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա ամիսների, լավագույն դեպքում շաբաթների ընթացքում: Հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին: Դատարանը լսումների ավարտին հայտնեց, որ հնարավորինս արագ կտեղեկացնի որոշումների հրապարակման ժամկետները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG