Մատչելիության հղումներ

«Դեռ սպասում եմ, որ կգա, հաշվում եմ՝ քանի օր ա մնացել»


«Էս օրացույցը որ ինքը բանակ գնաց, սկսեցի ջնջել, փետրվարի 14-ից ջնջել եմ». - ալավերդցի Եվա Հախվերդյանն է, 2020-ի պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելիս օրացույցը ձեռքն է առել ու ամեն ծառայած օրվա հետ ջնջել ամսաթվերը։ Ուղիղ մեկ տարի առաջ հերթական օրվա ջնջումն անելիս գույժ է եկել` 19-ամյա որդին՝ Ռուդիկ Ղարիբյանն ու իր երկու զինակից ընկերները զոհվել էին Վերին Շորժայի սահմանային դիրքերից մեկում՝ ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման հետևանքով։

«Դեռ սպասում եմ, որ կգա, հաշվում եմ՝ փետրվարի 14-ից քանի օր ա մնացել», - ասում է մայրը:

«Ամեն զոհված զինվորից հետո աղոթում ենք՝ գոնե վերջինը լինի», - կսկիծը սրտում ասում է տատը՝ Մարգարիտա Սաքանյանը: Մեկ շաբաթ առաջ 15 զինվորների ողբերգական մահը դարձյալ տակնուվրա է արել միտքը. - «Ես չգիտեմ ինչի հոգատար չեն զինվորի նկատմամբ: Ախր տանելիս ուրախանում են, որ զինվոր են տանում: Երանի դուք... հնարավոր չի նկարագրել, թե նա ինչ ուրախությամբ գնաց՝ պարելով ծանուցագիրը վերցրած էկավ, որ «ես գնում եմ, զինվոր եմ գնալու», բայց ուրախ էլ չվերադարձավ՝ բերին: Չգիտեմ, սխալը ո՞րն ա»:

«Ինքը որ գնում էր, ասինք՝ «վսյո, Ղարաբաղ չեն տանի, արդեն Հայաստան կգնաս», ու որ տարել էին արդեն Երևան, ուզում էին իրան տանեին ռուսական չաստ [զորամաս], զանգեց ասավ՝ «չեմ ուզում գնամ ռուսական շորեր հագնեմ», - պատմեց Եվա Հախվերդյանը:

Ամուսինը շարունակեց. - «Ես էդ ժամանակ Ռուսաստան էի, զանգեց, ասավ՝ «ինձ հանեցին, որ տանեն ռուսական չաստ, ատկազ ա», ասի՝ «խի՞, տղա ջան, էնդեղ լավ ա, բան ա», ասավ՝ «չէ, ես գնալ տեմ ռսի հմար ծառայե՞մ, ես պտի գնամ իմ սահմանը պահեմ»:

Զոհված զինվորի ծնողներն ասում են՝ Սոթքի զորամասում, որտեղ անցել է Ռուդիկի ծառայության մեկ տարին, պայմանները լավն են եղել, սնունդն՝ ըստ պահանջի, բայց հիմա դրանք իրենց աչքին չեն գալիս, քանի որ համարում են՝ զինվորը դիրքերում անպաշտպան է եղել, անապահով, գուցե՝ անտեսված։

«Թե ասեն՝ ղեկավարության սխալն ա, դժվար ա հասկանալը, թե ասեն՝ զինվորականների անտարբերությունն ա, որովհետև ասում էր՝ «դիրք չունենք մենք, մեր դիրքերը անապահով են, նրանք մեր առաջ գալիս են դիրքերը անմիջապես տրակտորով, բանով, սարքում, պանելներով ամրացնում, մենք էլ չունենք: Երևի մի քիչ էլ անտարբերությունն ա, թե պակասությունն ա երկրի, որ չունեն, որ կարողանան ապահովեն ամեն ինչը», - ասաց տատը:

Ռուդիկ Ղարիբյանը ծառայությանն անցելուց մի քանի ամիս անց դիրքի ավագի պարտականություններն էր ստանձնել։ Ընտանիքում հիմա մտածում են՝ արդյոք պատրա՞ստ էր 18 տարեկանում այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել։

«Գուցե մեղավորություն ա եղել, որ էրեխեքը մենակ են էղել ընդեղ՝ դիրքերում: Ինքը պատասխանատվություն ուներ ընդեղ: Գուցեև մեծի՞ կարիք ունեին, որ խորհուրդ տար, որ ո՞նց անեն, որ դիմակայեն էդ մեծ դժվարություններին», - նշեց Մարգարիտա Սաքանյանը:

Ղարիբյանները Ռուդիկի սենյակում են տեղավորել զոհված տղային հիշեցնող բոլոր իրերը՝ մետաղադրամների հավաքածուից մինչև իր ձեռքով արած գրառումները։ Լեգենդ էր կոչել իրեն, Լոռիում գործող Սմարթ կենտրոնի առաջին սմարթ քաղաքացիներից մեկը դարձել։ Ծնողներն ափսոսում են՝ նրա երազանքների մասին ուշ են իմացել՝ նոթատետրերից։

«Չգիտեմ, ինքը մի ուրիշ կյանքով էր ապրում, մենք չենք հասկացել: Ինքը տանը ուրիշ էր՝ էրեխա, որպես էրեխա, որ ասես՝ «չի կարելի», բայց դրսում մեծ մարդ ա էղել ինքը, շատ մեծ մարդկանց հետ ա շփվել, ընկերներ շատ, շատ ունեցել ա, բայց մենք չենք իմացել, մենք հետո իմացանք», - պատմեց մայրը:

«Մահից հետո ենք ճանաչել մեր տղին», - հավելեց հայրը:

«Ախր ամեն տեղ առաջավոր ա էղել: Քաղաք գնացի՝ տեսնեմ՝ երգի ձեն ա գալիս, գնամ տենամ՝ հավաքել ա ընկերներին, երգում են, արկղը դրած՝ փող են հավաքում, որ ուղարկեն զինվորներին», - շարունակեց տատը:

Հիշում են Ռուդիկի նկարած տոհմածառը։ Դրանում իր փարթամ ճյուղն էլ կար:

«Իրա ճյուղը մնաց կիսատ հիմա: Ինչո՞վ կարելի ա լրացնել էս երեք սերնդին, ասում են՝ «ունեցեք, երեխա ունեցեք»: Ունեցողը էլ չի ուրախանում, որ տղա ա ունենում: Ես կուզենայի մի թոռնիկ էլ ունենայի, որ իրա տոհմածառը շարունակվի, բայց վստահ չեմ, որ նա էլ կլի, էդ ճակատագրին չի արժանանա: Ո՞նց մտածենք, չեմ հասկանում», - ասաց Մարգարիտա Սաքանյանը՝ կոչ անելով. - «Խնդրում եմ, առաջն առեք, մեղք են մեր սերունդը, մեր երեխաները մեղք են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG