Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի իր գործընկերոջ՝ Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ, որ ընթացքում անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին:
Արարատ Միրզոյանը, ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, բարձր է գնահատել Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահողի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահայտած հստակ դիրքորոշումը:
«Հաշվի առնելով օրեցօր ահագնացող իրավիճակը՝ հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը», - ասված է հաղորդագրությունում:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր։
Լաչինի միջանցքը արդեն 47 օր շարունակում է փակ մնալ: Ադրբեջանական կողմը շաբաթ օրն արգելափակել, օրեր անց մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Հունվարի 9-ից էլ վթարված է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, ըստ Ստեփանակերտի, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Արցախում հունվարի 21-ից հովհարային անջատումների նոր ռեժիմ է սահմանվել։